Սահմանային ակտիվությունը զգալիորեն թուլացել է, բայց ինչպես տեսնում ենք չի թուլացել ոմանց կողմից այդ առիթը վարպետորեն ներքաղաքական կյանքում օգտագործելու ցանկությունը:
Մի քանի օրվա ընթացքում է՛լ նախագահի թեկնածուներ հայտնվեցին իշխանական ճամբարում, է՛լ դրան զուգահեռ մյուսներն էլ սկսեցին Սարգսյանի շուրջ համախմբման կոչերով հանդես գալ:

 

Իսկ գործող նախագահն էլ առիթն օգտագործելու իր դրդապատճառն ուներ, որպեսզի սահմանադրական փոփոխությունների գործին ավելի լայն թափով կպնեն իր թիմակիցները՝ նորովի ներկայացնելով դրանց անհրաժեշտությունը: Այսպես կարելի է երկար շարունակել, բայց քանի որ նման քայլերից ոչ մեկն էլ ուղղված չէ ժողովրդի խնդիրների լուծմանը, ուստի ինչ կանեն, ինչպես կանեն՝ դա իշխանությունների գործն է, որոնց անդրադառնում ենք սոսկ մեկ անգամ ևս ցույց տալու, որ սրանք անուղղելի են, և ինչ էլ տեղի ունենա, դա փորձելու են իրենց անձնական շահերին ծառայեցնել:

 


Եթե համախմբում եք ուզում, ապա ոչիշխանական ազդեցիկ ուժերն արդեն հայտարարել են, որ չեն հավատում սահմանադրական փոփոխությունների իշխանությունների նպատակների ազնվությանը, այդ դեպքում, որպես համախմբման առաջին քայլ ու բարի կամքի դրսևորում, Սերժ Սարգսյանը պետք է հայտարարի, որ հրաժարվում է սահմանադրական հանրաքվեի մտքից: Ո՞ւմ պարզ չէ, որ «քառյակն» իր ծրագիրը չի պայմանավորում Սարգսյանի քայլերով, երբ քաղաքական «տաք» աշունն արդեն մեր դռներն է թակում, իսկ սահմանադրական հանրաքվեն լավագույն դեպքում կարող է տեղի ունենալ 2015-ի վերջում կամ 2016-ին, և հավատալ այդ փոփոխության հնարավորությանը, կնշանակի չհավատալ սեփական հաղթանակին: Ուրեմն այդ քայլով Սարգսյանը ոչ թե շնորհ է անում «քառյակին», այլ ընդամենը ցույց է տալիս, որ պատրաստ է խաղաղ համաձանության գալ իշխանափոխության շուրջ:

 


Սահմանադրական փոփոխությունները Սարգսյանին անհրաժեշտ են ոչ միայն վաղվա, այլև՝ այսօրվա համար, որպեսզի կարողանա պահել իր դիրքերը։ Նա վախենում է ոչ միայն «քառյակից», այլ նաև սեփական թիմից, քանի որ լավ գիտի, որ եթե հիմա հայտարարի սահմանադրական փոփոխություններից հրաժարվելու մասին, արդեն իր թիմի յուրաքանչյուր անդամ սեփական խաղն է սկսելու խաղալ ու իր լծակներն արդեն Սարգսյանի դեմ է օգտագործելու: Արդյունքում ակնկալելու են՝ մաքսիմում, որ իրենք լինեն Ազատիչի հաջորդը, մինիմում՝ որ իրենց համար ընդունելի գործիչ դառնա նախագահ, և ծայրահեղ դեպքում՝ օր առաջ անհատական երաշխիքներ ստանան «քառյակից»:

 


Հիմա արդեն Սարգսյանը զգում է, որ իր թիմակիցները լավ էլ հասկանում են, որ ինքը վերընտրվելու որևէ շանս չունի՝ ո՛չ գործող սահմանադրությամբ, ո՛չ էլ փոփոխության միջոցով (այս դեպքում կարագանա հեղափոխական պրոցեսը):
Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ վստահաբար կարելի է պնդել, որ «քառյակի» օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել իշխանափոխության «ճանապարհային քարտեզի» հարցում:

 


Ա՛յ, Սարգսյանն ինքը խնդիր ունի առերեսվելու իր թիմակիցների հետ, ներթիմային այս փոխադարձ անվստահության մթնոլորտի պայմաններում, որ Ազատիչը մի ժամ հետո մենակ կմնա, երբ իմանան, որ այլևս չի վերարտադրվելու նա: Իսկ ժամանակն աշխատում է նրա դեմ և դա անդառնալի երևույթ է։

 


«Վերջին բոլշևիկն» արդեն մենակ է, ուղղակի թիմակից կոչվածներն իրեն չեն ասում, որ տրամադրությունը չընկնի, բայց ուզեն, թե չուզեն՝ մի կարճ ժամանակ հետո ասելու են, ինքն էլ իր աչքով է տեսնելու: Իսկ մեզնից յուրաքանչյուրիս մնում է հանդիպման տեղն ու վայրը հնչեցնելուց հետո մեր մասով սատար կանգնենք պայքարին ու հաղթանակը ապահովված կլինի:

 

 

Արմեն Հարությունյան