Այս լարված օրերին ՀՀ նախագահի աթոռի հետ գրկախառնված մեր գերագույն գլխավոր հրամանատարի բացակայությունն ու խորը լռությունը թե՛ զարմանք ու թե՛ զայրույթ էր առաջացնում մեր հասարակության մոտ: Դե Սարգսյանի թիմակիցներն էլ ստիպված փորձում էին (որքան էլ տարօրինակ է, նաև երեկ և այսօր՝ Սոչիի հանդիպումների ֆոնին) պակասը ամեն կերպ լրացնել նրա մի 3-4 տարվա տեսանյութերը համացանցում տարածելով. «Սերժ Սարգսյանը ստորացնում է ադրբեջանցի լրագրողին» «խորիմաստ» վերնագրով: Այսինքն ուզում էին ասել, որ թեպետ Սարգսյանը այս օրերին մեզ հետ չէր, բայց նրա բարի միտքը և «ռազմահայրենասիրական» խոսքը մեզ հետ էին:

 


Ուզում եմ Սարգսյանի հեղինակության փրկության դարդից էրվող-խորովվող մեր հարգարժան հայրենակիցներին ասել, որ երբ մի քանի տարվա նյութ եք դնում շրջանառության մեջ ու առավոտից երեկո դրանցով թոքախտ գցելու աստիճան զզվեցնում համացանացային օգտատերերին, ի՞նչ եք կարծում՝ դա դրակա՞ն արդյունք է տալիս, թե՞ բացասական:

 

Եթե լրագրողը հարց է տվել ու դրան պատասխանել է երկրի նախագահի պաշտոն զբաղեցնող մարդ, ի՞նչ պետք է աներ՝ պատասխանից հետո հարձակվելու էր Սարգսյանի վրա ու նրա հետ ձեռնամարտի՞ բռնվեր: Հարց է տվել, որին երկրի նախագահի կարգավիճակ ունեցող անձ է պատասխանել, հիմա անգիտակցորեն ադրբեջանցի լրագրողին ե՞ք PR անում, թե տեսեք ինչ բարեկիրթ է, որ չի ընդատել Սարգսյանին կամ նրա հետ վիճաբանել: Ախր նախագահի «վիզավին» ուրիշ երկրի լրագրողը չէ, այլ՝ նախագահը, որոնց հետ խոսելիս Սարգսյանն ուղղակի պապանձվում է:

 


Բա թող Նազարբաևին պատասխաներ, մանավանդ, որ Աստանայի հանդիպումից օրեր անց խոստովանեց, որ Ղազախստանի ղեկավարի պահվածքը դուր չէր եկել իրեն: Բա թող Պուտինի հետ երեկվա ու այսօրվա հանդիպման ժամանակ ասեր, որ հայ ժողովուրդը մտահոգված է, որ ՌԴ-ն զենք է վաճառում մեր թշնամուն, որ լարվածության այս էսկալացիայի հարցում իր մեղքի բաժինն ունի նաև խորահարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչը, այլ ոչ թե այդ մասին Լատինական Ամերիկայում արտահայտվեր: Եվ Պուտինին ասեր իր անունից, այլ ոչ թե մեր, քանի որ երբ այդ մասին մտահոգություն էինք հայտնում, տարբեր պաշտոնյաներ, այդ թվում նաև Սերժ Սարգսյանը, փարատում էին մեր մտահոգությունները, թե անհանգստանալու կարիք չկա:

 

Բա եթե չկա, ինչո՞ւ եք մեր անհանգստությունը դրսում բարձրաձայնում, երբ արդեն դրանք ներսում փարատված են՝ իշխանությունների «համոզիչ» պարզաբանումների շնորհիվ: Հա~, նոր հասկացա. լրագրողների ահուսարսափ Սարգսյանն իր անունից սարսափում է մտահոգություն հայտնել ՌԴ-ի դեմ:

 


Բա ա՛յ «լրագրողաստորացուցիչ» ջանիդ մեռնեմ, որ մեր երկրում լրագրողների հետ հանդիպում ես կազմակերպում, ինչո՞ւ ես միայն Բաղրամյան 26-ի ենթակա լրատվամիջոցների հետ հանդիպում, ժամերով մոնտաժ անում «ասուլիսդ» և նոր միայն եթեր թողնում։ Մյուսներին էլ կանչի, հարձակվիր, տեղը դիր դրանց, այլ ոչ թե ձերոնց մոտ բողոքի, որ երկրի գաղջ մթնոլորտի մեղավորները նախագահականի հսկողությունից դուրս գործող լրատվամիջոցներն են:

 


Հա, չմոռանամ ասել, որ եթե մի քանի օր էլ՝ «Սերժ Սարգսյանը հարց է ուղղել Իլհամ Ալիևին» վերտառությամբ նյութով տեռորի ենթարկեք համացանցը, դրանից՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներն իրենց ավելի անվտանգ չեն զգալու, պատերազմի վերսկսման վտանգը չի չեզոքացվելու, առավելևս մեր ներքաղաքական խնդիրները որևէ կերպ այդ հարցի արդյունքում չեն լուծվելու: Ուղղակի դրանով փաստում եք, որ Սոչիի այս երկու օրվա հանդիպումների միակ ձեռքբերումը Ալիևին ուղղված Սարգսյանի հարցն էր, այն էլ՝ պահի ազդեցության տակ ու ոչինչ չորոշող:

 

 

 

Արմեն Հարությունյան