2013 թվականի կարևորագույն իրադարձություններից էին, անշուշտ, Էդվարդ Սնոուդենի կատարած բացահայտումները: Եթե դրանցից առաջ շատերի համար իրենց էլեկտրոնային հաղորդակցության վերահսկելիությունը կասկածելի էր, իսկ շատերը դեռ հավատում էին ամերիկյան «ժողովրդավարությանը» և հաղորդակցության գաղտնիության իրավունքի սրբազան հարգմանը, ապա բացահայտումներից և հատկապես Բրազիլիայի և Գերմանիայի ղեկավարների՝ հսկողության տակ գտնվելու փաստի ի հայտ գալուց հետո կատակերգությունն ավարտվեց: Բանը հասավ անգամ այնտեղ, որ Սնոուդենին նույնիսկ առաջադրեցին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու: Սակայն անգամ դրանից հետո էլ հարցը մնաց բաց՝ ի՞նչ անել ԱՄՆ հատուկ ծառայությունների վերահսկողության տակ չհայտնվելու համար:

 

Հարցի լուծման բեռն իր վրա է վերցրել ավստրիացի ուսանող, իրավաբան Մաքս Շրեմսը, ով դեռևս 2011թ. կանխազգալով հնարավոր վտանգները և օգտվելով Եվրամիության օրենսդրության ընձեռած հնարավորությունից, դիմեց Facebook սոցիալական ցանցի տնօրինությանը՝ իր վերաբերյալ հավաքված ողջ տեղեկատվությունն իրեն տրամադրելու պահանջով: Ընկերությունն իրեն տրամադրեց 1200 էջանոց փաստաթուղթ, որում արտացոլված էին նրա անհատական տվյալները, ներառյալ ողջ նամակագրությունը:

 

Սակայն հանդուգն ուսանողը դրանով չի սահմանափակվում: Այս անգամ նա պատրաստվում է դիմել դատարան ընդդեմ Facebook-ի՝ PRISM համակարգի շրջանակներում ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ վերջինիս հնարավոր համագործակցության, ինչպես նաև անհատական տվյալների պաշտպանության հարցերով: Հատուկ ուշադրություն է դարձված նաև տեղեկատվության տարբեր տիպերի օգտագործմանը համաձայնելու կամ դրանից հրաժարվելու հնարավորության բացակայությանը, ինչպես նաև տեղեկատվության հավաքմանը ինտերնետ-հավելվածների միջոցով:

 

Թե ինչի կհասնի քաջարի ուսանողը՝ ցույց կտա դատավարությունը, սակայն մեզնից յուրաքանչյուրն այլևս ունի խորհելու տեղիք՝ որ տեղեկատվությունն է, որ կարող է հասանելի լինել օտարերկրյա հատուկ ծառայություններին և որը՝ ոչ: Իսկ ոլորտի մասնագետները ունեն խորհելու տեղիք համահայկական սոցիալական ցանցի կամ ինտերնետային սեգմենտի ստեղծման անհրաժեշտության շուրջ:

 

 

 

Վազգեն Ղազարյան