Իլհամ Ալիեւը համարում է, որ հայկական ռազմական ուժերը խախտել են 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագիրը։ Դա նշանակում է, որ նա Ադրբեջանին իրավունք է վերապահում ուժը կորցրած ճանաչել այդ համաձայնագիրը եւ վերսկսել պատերազմը։ Այս հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հայտնելու վերջնաժամկետը օգոստոսի 9-ն է։


Հայաստանին սպառնացող պատերազմի հավանակությունը նվազեցնելուն ուղղված համաչափ միջոցառումների ցանկը հետեւյալն է․


1. Տավուշի մարզում օգոստոսի 10-ից սկսած՝ 20 օրով հայտարարել ռազմական դրություն։


2. Հանրապետության ամբողջ տարածքում 20-օրյա ժամկետում հայտարարել մասնակի զորահավաք՝ 3 ամիս ժամկետով զորակոչել առնվազն 16.000 պահեստազորի զինծառայողներ։


3. Զորահավաքի ֆինանսավորման նպատակով ստեղծել «Պաշտպանության աջակցման» հիմնադրամ։


Այս միջոցառումները իրականացնելու համար անհրաժեշտ է․


1. Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված հրամանագիր՝ Տավուշի մարզում ռազմական դրություն եւ հանրապետության ամբողջ տարածքում մասնակի զորահավաք հայտարարելու մասին։


2. Իրավունքի ուժով անհապաղ գումարված Ազգային Ժողովի հատուկ նիստում հաստատել ընդունված որոշումները եւ սահմանել դրանց իրականացման կարգը։ Անհրաժեշտ է նաեւ, որ այդ նիստում խորհրդարանական կուսակցությունների կողմից օգոստոսի 5-ին ընդունված համատեղ հայտարարությունը հաստատվի որպես Ազգային Ժողովի հայտարարություն։


3. ՀՀ քաղաքացի հանդիսացող 20 ամենահարուստ ընտանիքների ներկայացուցիչները պետք է ստեղծեն «Պաշտպանության աջակցման» հիմնադրամ եւ ձեւավորեն Հոգաբարձուների Խորհուրդ՝ իրենց վրա վերցնելով զորահավաքի ֆինանսավորման համար անհրաժեշտ ծախսերի 70 տոկոսը։ Մյուս 30 տոկոսը պետք է համալրվի հանրության մասնավոր նվիրատվությունների միջոցով։ Հիմնադրամը պետք է նաեւ իր վրա վերցնի զոհված եւ վիրավորվածների ընտանքիներին միանվագ օգնություն ցուցաբերելու հարցը։


Նախապատերազմական իրադրության մեջ պաշտոնատար անձանց անգործությունը հավասարազոր է հայրենիքի դավաճանության, ինչը, ըստ ՀՀ քրեական օրենսգրքի հանդիսանում է ծանր հանցագործություն։

 

 

Անդրիաս Ղուկասյան