ՙՙԱՄՆ-ի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպաններ Ջոն Հեֆերնը, Իվան Վոլինկինն ու Քեթրին Լիչն անհրաժեշտ են համարել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի էսկալացիայից հետո հանդիպել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նրա հետ քննարկել անվտանգության խնդիրները:

 


Փաստը, որ դեսպանները հանդիպում են ոչ թե արտգործնախարարի, այլ պաշտպանության նախարարի հետ, ինչ որ առումով արտասովոր է դիվանագիտական էթիկետի տեսանկյունից: Անկասկած, սահմանին էսկալացիան պաշտպանության նախարարի իրավասությունն է, սակայն, ամեն դեպքում, արտասահմանյան պետությունների դեսպանները պետք է նորություններ իմանան արտգործնախարարից, ով պետք է տեղյակ լինի անվտանգության խնդիրներից՚՚-այսօր գրել է Նաիրա Հայրումյանը, ու ես սկզբունքորեն համաձայն եմ նրա հետ::
Վերջին օրերի հայ-ադրբեջնական լարվածությունը մի քանի իրողություն բացահայտեց:

 


Ուրախալին այն է, որ մենք ունենք մարտունակ բանակ, որը լուծում է իր առջև դրված խնդիրները: Ուրախալի է նաև, որ պաշտպանության նախարարն ոչ միայն իր անմիջական ֆունկցիաներն էր կատարում, այլ նաև անկաշկանդ շփվում էր լրագրողների հետ՝ հանրությանն իրազեկելով առաջին գծում կատարվող իրադարձությունների մասին՝ այդպիսով նպաստելով բարոյահոգեբանական նորմալ վիճակի ձևավորմանը:
Այս համատեքստում, սակայն, ավելի տեսանելի դարձավ ԱԳՆ-ի անգործությունն ու նախարար Էդվարդ Նալբանդյանի վարքագծային ադեկվատության դեֆիցիտը:

 


Նալբանդյանն ոչ թե վատ էր աշխատում, այլ ընդհանրապես բացակա էր՝ խորհրդանշելով մեր դիվանագիտության բացակայությունը, դրա վերածումը ռուսական կցորդի:
Ինչ-որ իմաստով՝ մենք կորցրեցինք տղաների, որովհետև մեր ԱԳՆ-ի անգործությունը սրբագրում է այն հաղթանակը, որ ձեռք է բերվում ռազմադաշտում:
Էդվարդ Նալբանդյանը պետք է հրաժարական տա ու այդ հրաժարականը պետք է խորհրդանշի կոնկրետ վիճակից հրաժարում
Նալբանդյանի հրաժարականը պետք է ցույց տա, որ Հայաստանն արտաքին քաղաքականություն վարելու ցանկություն ու կամք ունի....

 

Սուրեն Սուրենյանց