Արդեն 3 օր անընդմեջ շփման գծում թեժ է ու 3 օր անընդմեջ դիվերսիոն գործողություններ են կազմակերպվում: Զոհերի հաշիվը արդեն մոտենում է երկու տասնյակի: Այս գիշեր էլ Մարտակերտի ուղղությամբ մարտ է եղել, որի արդյունքում մերոնք հաղորդում են 3 սպանված ադրբեջանցու ու ցավոք՝ մեր մեկ զոհի մասին: Ասյպիսով, ընդամենը երեք օրվա ընթացքում մենք ունենք 3 զոհ, իսկ ադրբեջանը՝ առնվազն՝ 17: Նման բան դեռ չէր եղել ու կարծում եմ, որ հիմա մեզ մազ տարածություն է բաժանում լիարժեք մարտական գործողություններից ու պատերազմի էսկալացիայից:
Ինչի՞ համար եմ ես սա գրում. ամենևին ոչ խուճապի, քանի որ խուճապի ոչ մի պատճառ չեմ տեսնում: Եթե ինչ որ մարդիկ կան, ովքեր նոր են հասկանում, որ մենք 94-ից հետո էլ պատերազմական դրության մեջ գտնվող երկիր ենք ու կնքվածը ընդամենը հրադադար էր, ապա ես ցավում եմ այդ մարդկանց անիրազեկության համար:


Բայց ժամանակն է մի հատ թափ տանք մեզ ու վերջնականապես վերաֆորմատավորենք մեր գիտակցությունը: Ժամանակն է, որ մարդիկ ավելի պատասխանատու լինեն ու հատկապես այն մարդիկ, ովքեր գործ ունեն տեղեկատվություն տարածելու հետ՝ լրագրողներ, բլոգերներ, ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր:


Պետք ա հասկանալ, որ առհասարակ ու հատկապես սենց պահերին, չի կարելի ապուշ հոդվածներ ու գրառումներ գրել, որոնք խուճապային տրամադրություններ են ստեղծում, չի կարելի գրել, որ սահմանամերձ գյուղերում խուճապ է, փախնում են, դատարկվում են: Չի կարաելի, որովհետև նախ դա այդքան էլ այդպես չէ, հետո էլ, նման էշություններով բացարձակապես ոչ մի կերպ չեք օգնում մարդկանց, դեռ մի բան էլ վնասում եք՝ դուխաթափ անելով առաջին հերթին սահմանամերձ գյուղերի բնաակչությանը:


Հիմա ժամանակն ա, որ որոշակի ներքին ցենզուրա մտցնել մեր տեղեկատվական դաշտ, ժամանակն ա, որ ձեռնարկենք այնպիսի միջոցներ նման սրիկայություններով զբաղվողների դեմ, որ երկրորդ անգամ կրկնելու ցանկություն չլինի, ժամանակն է, որ բոլորս մասնակցենք մեր երկրի պաշտպանությանը ոչ միայն սահմանին կանգնելով, այլ նաև տեղեկատվական դաշտում ու մի քանի քլիքը ավելի վեր չդասենք ազգային անվտանգության հարցերից:


Հ.Գ. Ու սենց մի բան էլ. շատ լավ ա, որ ակնածանքով ենք վերաբերվում զոված տղերքին ու իրենց նկարներն ու իրենց մասին հոդվածները տարածում, բայց էդ տղերքը իրոք մեր համար են իրենց կյանքերը տալիս ու մենք պարտավոր ենք գոնե մեր հարգանքի տուրքը մատուցենք ու ներկա գտնվենք նրանց թաղմանը, որ համ մեր խիղճը հանգիստ լինի, համ էլ էդ տղերքի հարազատները տեսնեն, որ իրենց հերոս երեխեքը հենց այնպես չտվեցին իրենց երիտասարդ կյանքերը: Ես սրա մասին էլի եմ գրել ու հիմա էլ կրկնում եմ, որ սա պետք ա ոչ թե ավանդույթ դառնա, այլ բնականոն բան՝ մեր գիտակցության մեջ:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան