Առավոտյան ժամը 6-ն էր: Քնած ժամ քաղաքում: Քաղաքի համար, բայց ոչ իմ համար: Քաղաքաբնակները քնած են, խորը քուն են մտել, իսկ ես… ես արթուն եմ, քունն ինձ չի խաբել, չի տարել «երազ» կոչվող խաբկանքների աշխարհ: Իսկ քաղաքի լույսերը հանգել են, գերեզմանային լռություն է տիրում… մի՞թե ես եմ միակ ողջ մարդն այս մեռյալ քաղաքում: Մի՞թե… սենյակիս լույսն անջատված է, ես քնած չեմ. ո՞վ իմանա' իմ նման մեկ-երկուսն էլ կլինեն էս մահամերձ քաղաքում:

 

 

Հա, այս քաղաքը գերեզմանոց է: Ցերեկը մեռյալ հոգիները դուրս են գալիս իրենց փոսերից, շրջում քաղաքում… ողջ մարդուց չեն տարբերվում: Գիշերը հոգիներն իջնում են խավարի իրենց արքայություն: Չէ… այս քաղաքը մեռած է, ուր միակ ողջը ես եմ… հա, ես: Ինձ այս քաղաքում գիժ են ասում: Լույսը բացվում է, ես վաղուց արդեն տանը չեմ, թափառում եմ քաղաքի կիսադատարկ փողոցներով… ինձ տեսնողի դեմքը մի բառ է արտահայտում' «Գիժ ա»… Ուսերին դրված հոգսերի ծանրությունից գերեզման իջած մարդու համար, բնականաբար, լայն ժպիտը դեմքին մարդ տեսնելը տարօրինակ է... Բա, միայն գիժը կարող է հոգսառատ այս դարում ժպտա...

 

 

Գժական բան կա ժպտալու մեջ: Ճիշտ է' տարբերվում ես բոլորից, բայց «գժի թուղթը» քեզ դրա համար չեն տվել… Դու ժպտալու գիժ ես, որովհետև էդ ժպիտը քեզ թեթևություն է տալիս: Դու թեթև ես… Հո՞գս, ծանրությո՞ւն, գերեզմանի փո՞ս… Չէ, դու թեթև ես, թեթև ես, որովհետև գիժ ես: Դու Նապոլեոնը չես, ոչ էլ' Հիտլերը, Քրիստոսը և կամ' Հերոստատը...

 

 

Պատմության էջերում հետք թողնե՞լ… հիմարություն: Դու թեթև ես, քո ձեռքերը թևեր են ու դու թռչում ես' ո՞ւր, ինչի՞ համար… կապ չունի, կարևորը' դու սավառնում ես, քայլում ես, բայց սավառնում ես:

Գժի քո մենաշնորհը, եզակիությանդ զգացումը… քիթդ էնպես ես ցցում' ասես քիչ առաջ ասածիդ հակասել կուզես' Նապոլեոնի տեղն ես դրել ինքդ քեզ: Հնարավո՞ր է'հոգեբուժարանում էլ գժերը գիժ չեն, իմ նման գիժ են: Հաստատ, երևի... բայց դժվար...

 

 

Ժամը 6 անց 10 է: Ես քնած չեմ, քաղաքը քնած է: Լույսը կբացվի, հոգիները կարթնանան, իսկ ես... ես արդեն դուրս եմ եկել իմ թաքստոցից, «մարդամեջ» եմ գնում' Հադեսի աշխարհ: Փողոցը դատարկ է դեռևս: Մեկ-երկու, երևացին առաջին ուրվագծերը: Մեռյալ առաջին հոգին: Անծանոթ է, քայլերը թեթև են... ԹԵԹԵՎ: Ժպտում է... «Գի՞ժ է»... Ծիծաղեցի սեփական մտքիս վրա: Գիժ... Թերևս միայն թվաց, միրաժ էր...

 

 

Անցավ 24 գիժ ժամ... Ես նորից անքուն գիշերվանից հետո դուրս եկա իմ որջից... Թեթևաշարժ ուրվագիծ... մեկ-երկու-երեք, 6 թեթևաքայլ ոտքեր, 3 լայն ժպտացող բերաններ:

― Բարի առավոտ, ― ձայնեց ուրվագծերից մեկը: Երկրորդը մոտեցավ, ձեռքը մեկնեց բարևելու: Տեսի՞լք, շիզոֆրենիա՞... Չէ, ես չեմ գժվել, քաղաքն է լցվել գժերով' իմ նման գժերով:

 

Արմեն Ալբերտի Մխիթարյան