Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի, նրանից առաջ քաղաքագետների ու լրագրողների ձերբակալությունները պատահականություն չեն:


Որ Ադրբեջանը, մեղմ ասած, ավտորիտար երկիր է, նորություն չէ. այնտեղ մարդիկ ճաղերի հետևում են հայտնվում կարծիք ունենալու համար:


Բայց վերջին ձերբակալությունները տեղի են ունենում այն հիմքով, որ Յունուսն ու մյուսները լրտեսություն են արել Հայաստանի օգտին:


Այս վարկածը, մեղմ ասած, խախուտ է:
Լեյլայի, նրա ամուսնու՝ Արիֆի, հետ մասնակցել եմ մի քանի տարածաշրջանային սեմինարների: Դրանց ընթացքում յուրաքանչյուրս պնդել ենք մեր տեսակետները ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:


Ընդ որում, իմ կամ հայ մյուս քաղաքագետների կարծիքներն ավելի են տարբերվել պաշտոնական Երևանի դիրքորոշումներից, քան ադրբեջանցի վերլուծաբաններինն՝ իրենց իշխանությունների մոտեցումներից:
Ուղղակի նմանատիպ սեմինարների մասնակցում էին մարդիկ՝ անկախ ազգային պատկանելիությունից, ովքեր կարևորում էին խաղաղությունը՝ հասկանալով նոր պատերազմի տնավերությունը:


Ենթադրում եմ, որ Բաքվում հիմա պատժում են մարդկանց, ովքեր, պայմանական ասած, ՙՙխաղաղության կուսակցության՚՚ ներկայացուցիչներ են:


Ըստ այդմ, այս ձերբակալությունները դիտարկում եմ հնարավոր պատերազմի նախապատրաստության ադրբեջանական իշխանության քաղաքականության համատեքստում:

 

 

Սուրեն Սուրենյանց