Այս կյանքում յուրաքանչյուրս ունենք հարցեր, որոնք արտաքուստ պատասխաններ չունեն: Ինչո՞ւ նա գնաց, ինչո՞ւ եմ ես ապրում, ինչո՞ւ հանդիպեցինք, ինչո՞ւ եմ ես տխուր, ինչո՞ւ է կյանքը դաժան, ինչո՞ւ է անարդար ամեն ինչ, ինչո՞ւ... Եվ այսպես անվերջ հարցեր, որոնք մեզ հետապնդում են ամենուրեք: Իսկ ո՞րն է այդ հարցերի պատասխանը: Ես կարծում եմ, որ պատասխանը մեկն է՝ ժամանակը:

 

Ժամանակ, որը երբեք կանգ չի առնում, որի մասին միշտ հիշում ենք, որը գնում է առանց հետ նայելու, եւ որը վերադարձնելը անհնար է: Մարդիկ նույնպես առաջ են գնում ժամանակի հետ, սակայն ի տարբերություն ժամանակի՝ մարդիկ հետ են նայում, նայում են իրենց անցյալին եւ երկար մտածելուց հետո գտնում են այն հարցերի պատասխանները, որոնք այնքա՜ն երկար էին տանջել նրանց: Ժամանակ, որի ընթացքում թվում է, թե մոռացվում է ամեն ինչ, բայց դա միայն թվում է... Ժամանակը չի բուժում վերքերը, այն պարզապես ճիշտ մտածելու հնարավորություն է տալիս: Այն դեղամիջոց է, որը թմրեցնում է, բայց չի ապաքինում, ինչպես սպին է մնում վիրահատության կարերից հետո, ինչպես կոտրված ափսեն սոսնձով ամրացնելուց հետո:

 

«Ժամանակ». ինչքան զգացմունքներ (հույս, ցավ, տառապանք, սեր, ատելություն) են թաքնված այս բառի մեջ: Ու հաճախ, երբ «ժամանակ» բառն են լսում մարդիկ, արցունքները ինքնըստինքյան սկսում են հոսել նրանց աչքերից, ինչպես լեռան վրայից հալչող ձյունն է հոսում, ու այնպես արագ է հոսում՝ վախենալով, թե ուր որ է արեւը մայր կմտնի, եւ նա էլ չի կարողանա ազատվել այդ կապանքներից: Այդ արցունքները կարող են լինել տխրության կամ ուրախության արտացոլում, սիրո կամ ատելության հայելի, ներման կամ վրեժխնդրության մեղեդի... Եվ վերջապես, ժամանակը մեզ ապացուցում է, որ պատահական ոչինչ չի լինում աշխարհում, քանի որ երբ ինչ-որ բան կորցնում ես, մեկ ուրիշն ես ձեռք բերում:

 

 

 

Ժոռա Սարգսյան