Սայաթ-Նովայի թե՛ մանկության, թե՛ մահվան մասին գոյություն ունեն հետաքրքիր, բայց կցկտուր տեղեկություններ եւ նույնիսկ մասնագետներն են դժվարացել՝ եղած իրարամերժ տեղեկություններից առանձնացնել արժանահավատ փաստերը: Ըստ Սայաթ-Նովայի գրական ժառանգության առաջին ուսումնասիրող, լուսահոգի Գ. Ախվերդյանի հաշվարկների՝ Սայաթ-Նովան ծնվել է 1712 թ.: Հ. Թումանյանը ևս կատարել է իր հաշվարկները, ըստ որոնց, հռչակավոր աշուղի ծննդյան թիվը՝ 1713-ն է:

 

Հետազոտողներից ոմանք նրա ծննդավայրն են համարում Թիֆլիսը: Պատմաբան, հնագետ, բանասեր, թարգմանիչ, սայաթնովագետ Մորուս Հասրաթյանը գտնում է, որ Սայաթ-Նովայի մանկությունն անցել է մոր հայրենիքում' Լոռիում, որտեղ էլ՝ Սանահինի նշանավոր դպրատանը, ստացել է նախնական կրթությունը: Ականավոր գիտնականը հենվում է այն փաստի վրա, որ Սայաթ-Նովայի հայերեն խաղերում Թիֆլիսի բարբառին զուգահեռ առկա է Լոռվա բարբառը:

 

Թուրքերեն խաղերից մեկում Սայաթ-Նովան գրում է, որ իր հայրը հալեպցի է, իսկ մայրը' հավլաբարցի (XVIII դարում Հավլաբարը Թիֆլիսի արվարձանն էր): Շրջանառության մեջ է նաեւ այն վարկածը, ըստ որի Արութինը մանկությունն անց է կացրել եւ առաջին անգամ գրել-կարդալ սովորել Նախիջեւանի Ագուլիս ավանում:
Հոր անունը եղել է Կարապետ, մոր անունը' Սառա: Կինը՝ Մարմարը, Լոռվա Իգիհաթ գյուղի բնակիչ Շահվերդու աղջիկն էր: Ունեցել է 4 զավակ' Մելիքսեթ, Օհան, Սառա և Մարիամ:

 


Ըստ Գ. Ախվերդյանի' Սայաթ-Նովան Թիֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից ներքինի Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ (1795թ.): Սակայն, վրաց աղբյուրներում պահպանվել է մի հետաքրքիր փաստաթուղթ, ըստ որի աբեղա Իոնե Խելաշվիլին Էջմիածնից Թիֆլիս վերադառնալիս՝ Հաղպատի վանքում հյուընկալվել և երկար զրույց է ունեցել ծերունի Սայաթ-Նովայի հետ: Դեպքը կատարվել է 1800 թվականին, այսինքն Գ. Ախվերդյանի նշած տարեթվից հինգ տարի անց:

 


Պահպանվել է նաեւ վրաց արքայազն Թեյմուրազի (1782-1846) հետևյալ հիշատակումը. «Այսպես, Սայաթ-Նովան Էրեկլե 2-րդի ժամանակ ճորտագրված էր Գեորգի 12-րդի մոտ։ Նա Վրաստանի հայերից էր՝ Գեորգի 12-ին պատկանող արքունական Սանահին գյուղից» (Գ.Լեոնիձե «Սայաթ-Նովա»): Ոմանք այս տեղեկության հիման վրա պնդում են, որ եթե Սայաթ-Նովան կենդանի է եղել Գեորգիի օրոք, որը գահ է բարձրացել 1799 թ., հոր՝ Հերակլ Բ-ի մահվան հաջորդ տարում, ապա 1795թ. չէր կարող Թիֆլիսում սպանված լինել:

 

Այս դեպքում, սակայն, պետք է ուշադիր կարդալ բնագիրը, որից հստակ երեւում է, որ աշուղը Հերակլ Բ-ի կենդանության ժամանակ է եղել Գեորգիի «հպատակը», երբ վերջինս հորն օգնում էր երկրի կառավարման գործում՝ իրականացնելով այդ ժամանակ Քարթլի-Կախեթիի կազմի մեջ մտնող հայկական շրջանների կառավարումը: 1795-ի պարսկական արշավանքից եւ Սայաթ-Նովայի «անհետացումից» հետո՝ ու՜ր ասես, որ չեն հասցրել մեր սիրելի բանաստեղծին. է՛լ Հնդկաստան, է՛լ Չինաստան, վաղը գուցեեւ՝ Ինդոնեզիա ու Ֆիլիպիններ:

 


Անդրադառնալով Սայաթ-Նովայի մահվան ու մահարձանի խնդրին՝ Հովհ. Թումանյանը գրել է.«Ինչ-որ գիտենք, գիտենք հանգուցյալ Գեւորգ Հախվերդյանի գրած կենսագրությունից եւ մինչեւ օրս էլ ոչ մի տեղեկություն չի ավելացել նրա վրա: Սակայն, Գեւորգ Հախվերդյանի տված կենսագրությունը շատ է պակասավոր»: Հ. Թումանյանը հիմք ընդունելով աշուղի մահվան ու գերեզմանի մասին Թիֆլիսում շրջանառվող ժողովրդական պատումը, ըստ որի Սայաթ-Նովան մահացել է պարսից արշավանքի ժամանակ եւ թաղված է Խոջիվանքի դռան մոտ, որոնումներ է կատարում եւ շուտով համոզվելով, որ գտել է գերեզմանը, այնտեղ դնել է տալիս մահարձան:

 

Այսօր էլ, սակայն, շրջանառության մեջ է այն վարկածը, ըստ որի աշուղի մահարձանը դրվել է մի վայրում, ուր թաղված է Հաղպատի հոգեւոր առաջնորդ Դավիթ սրբազանը: Որտե՞ղ է մահացել Մեծն աշուղը եւ որտե՞ղ է նրա գերեզմանը։ Այս հարցերի վերջնական պատասխանը մնում է բաց: