Առաջիկա հեղափոխությունը Հայաստանում լինելու է առանց առաջնորդների: 2008 ու 2013 թվականների մեր դառը փորձը, երբ առաջնորդները ամենակարեւոր պահին մնում էին տանը կամ գնում էին աղոթելու, ինչ որ բան սովորեցրեց հայ ժողովրդին: Մյուս կողմից, անչափ ուսանելի էր Ուկրաինայի փորձը, որտեղ բռնապետի տապալումն ու հեղափոխության հաղթանակը հաջողվեց նաեւ "առաջնորդի" բացակայության պատճառով: Ոչ մի անձ, ոչ մի կուսակցություն չկար, որ հնարավոր լիներ գործարքի մեջ ներքաշել, վարկաբեկել, վախեցնել, գայթակղել, խաբել նրան: Մայդանը այս առումով մեկ քայլ առաջ կատարեց Երեւանի Օպերայի հրապարակից ժողովրդական ինքնակազմակերպման, ինքնագիտակցության իմաստով:

 

Եւ այնուամենայնիվ, ազգային տարերքը անձնավորման եւ անհատականացման պահանջ ունի: Ես համոզված եմ, որ հեղափոխական դիմադրության ու դրա առանցքը հանդիսացող մարդիկ ու խմբերը պարտավոր են երթում տալ միայն համազգային ազատ ու արդար ընտրությունների միջոցով ստեղծել նոր իշխանություն, նոր օրենսդրական ու գործադիր կառավարման թեւեր: Եթե որեւե անձ կամ խումբ արդեն այսօր կամ առավելեւս ապստամբության պահին հանդգնի իր վրա վերցնել իշխանական լծակները առանց հստակ եւ կարճատեւ անցումային շրջանի ժամկետը նշելու, ապա դա անխուսափելիորեն բերելու է վիշապին հաղթողների նոր "վիշապացմանը":

 

Եւ այստեղ իսկապես անհրաժեշտ է անձ, գործիչ, անհատ, ով իր վրա է վերցնելու իրական ժողովրդավարության գաղափարն ու գերխնդիրը երաշխավորելու, պաշտպանելու ու մարմնավորելու առաքելությունը: Անցումային շրջանի, ապամոնտաժման, խորհրդային-կգբ-ական աղբից մաքրվելու խորհրանիշ պետք է լինի այս մարդը կամ կինը: Անկեղծ ասեմ, ես կգերադասեմ հայ կնոջը տեսնել ազգային անկախության ու ազատության երաշխավորհի դերում եւ պաշտոնում:

 

Եւ հենց հիմա կարող եմ գոնե երկու անուն տալ նման առաքելությունը կատարելու ունակ կանանց, կարծում եմ բոլորդ հասկանում եք, ում մասին է խոսքը: Սակայն անցումային շրջանը չափազանց ծանր է լինելու ու լավ է թողնել մեր խիզախ քույրերին մոտ ապագայում ընտրության արդյունքում հաղթելու հնարավորությունը: Մինչդեռ անցման ցավագին ընթացքին պետք է դիմակայի մեկը, ում անունն ու ճակատագիրը, կենսագրությունն ու կեցվածքը ոչ մի ազնիվ հայի մոտ հարց ու կասկած չի առաջացնի: Իմ համոզմանբ, հարյուրավոր արդար ու արժանապատիվ, հերոսական ու բանիմաց քաղաքացիների մեջ այսօր Հայաստանում կա մեկ մարդ, ով իսկապես խորհրդանշում է մեր երկրի անկախության երազանքն ու դրա իրականացումը: Դա Պարույր Հայրիկյանն է: Տասնյակ ձայներ այս պահին կլսվեն, հեգնանքով ու հիասթափությամբ տոգորված, տասնյակ հին ու նոր պատմություններ կհիշվեն, խոսքեր ու գործեր, սխալներ ու թերություններ:

 

Փառք Աստծո: Պարույր Հայրիկյանը կուռքս չէ ու չի եղել երբեք: Խոստովանեմ ու մեղանչեմ' քառորդ դար առաջ ես նրանց թվում էի, ով ծայրահեղ ու վտանգավոր էին համարում Շարժման առաջին իսկ օրերին հնչած Պարույրի գաղափարներն ու կոչերը: Հրապարակը դեռ վանկարկում էր ''պերեստրոյկա", "Գօրբաչով", իսկ Պարույրը զգուշացնում էր ԿԳԲ-ի սադրանքների մասին: Ամբոխները սուլում էին ու անվանում էին նրան "սադրիչ", երբ "միացման" մեր կարգախոսներին նա ավելացնում էր Անկախության պահանջը: Ներիր ինձ, Պարույր: Դու ճիշտ էիր, իսկ մենք' ես այդ թվում' սխալվում էինք:

 

Պատահական չէ, որ հենց Պարույրին արտաքսեց Գորբաչովը, որպես Սովետի վերջին այլախոհ: Պատահական չէ, որ հենց Պարույրի դեմ էր կազմակերպվել մահափորձը վերջին "չընտրությունների" ժամանակ: Մենք կարող ենք սխալվել, բայց մեր թշնամին' երբեք: Կուռքերի տապալման այս դարում մեզ կուռքեր իսկապես պետք չեն, մեզ պետք են ազնիվ ու բանիմաց մասնագետներ, որոնք գիտեն երկիր կառավարելու բարդ արվեստը: Սակայն այդ երիտասարդ ու հանդգնող "արհեստավարժները" անխուսափելիորեն կմոլորվեն ու կրկին կանջատվեն ժողովրդից, շփոթելով իրենց շահերը պետական ու ազգային շահերի հետ, եթե նրանց կողքին' ու մի քիչ վերեւում չլինեն Անկախ ու Ազատ Հայաստանը որպես երազ ու կյանքի իմաստ պատկերացնող մարդիկ:

 

Մեր պաշտպանությունը կազմակերպելու համար դա կարող է ու պետք է լինի Ժիրայր Սեֆիլյանի պես ասպետը: Մեր արդարադատությունը վերականգնելու ու հաստատելու համար դա կարող է ու պետք է լինի Ալեք Ենիգոմշյանի նման նվիրյալը: Մեր դիվանագիտությունը հիմնելու համար դա կարող է ու պետք է լինի Արա Պապյանի պես մասնագետը: Մեր քաղաքագիտությունն ու ռազմավարական տեսլականը մշակելու համար դա պետք է լինի Իգոր Մուրադյանի պես փորձագետը:

 

 

Մեր սոցիալական ու իրավապաշտպանական ոլորտներում դա պետք է լինեն Հրանուշ Խառատյանի ու Զարուհի Փոստանջյանի պես դեմքեր: Բայց մեր Անկախության ու Ազատության լավագույն խորհրդանիշ է ինձ թվում մեր ազգի պես ազնիվ ու միամիտ, համառ ու անկոտրուն, խիզախ ու լավատես Պարույրը: Մեր ազգը' ընտանիք է: Այս ողբերգական, ողբալի ու որբ ժամանակաշրջանում մեզ սեր է պակասում: մայրական ու հայրական սեր: Հայրիկյանին մեզ այսօրվա համար է ուղարկել ճակատագիրը:

 

 

Տիգրան Խզմալյան