Ըստ Ռոյթեր գործակալության, ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման և Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն հինգշաբթի կայացած իրենց հերթական հեռախոսազրույցում համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման շուրջ:


Զրույցում նշվել է, որ մալայզիական օդանավի կործանումից մեկ շաբաթ անցնելուց հետո անգամ Ռուսաստանը, իրենց կարծիքով, որևէ քայլ չի ձեռնարկել Ուկրաինայի արևելքում ընթացող առճակատման կարգավորման ուղղությամբ: Նրանք արձանագրեցին, որ միջազգային հանրությունը ստիպված կլինի կիրառել նոր պատժամիջոցներ:


Նշենք, որ հուլիսի 21-ին հրավիրած ճեպազրույցում ռուս զինվորականները հրապարակեցին Դոնեցկի մարզի տարածքի օպերատիվ իրավիճակի ռադիոտեղորոշիչ վերահսկողության պատկերը, ինչի արդյունքում ուկրաինական իշխանություններին կարող են առաջադրվել բազմաթիվ հարցեր ինչպես ուկրաինական ռադիոտեղորոշիչ կայանների ակտիվացման, այնպես էլ ուկրաինական կործանիչի և զենիթա-հրթիռային համալիրի մասով: ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարեց, որ այդ բոլոր տվյալները փոխանցվել են ԵՄ-ին:


ԱՄՆ-ն արդեն իսկ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի հումքային և ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ: Եվրամիությունը ևս ընդլայնել է պատժամիջոցների իր ցանկը: Ներկայումս քննարկվում են ոլորտային պատժամիջոցները:


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ պատժամիջոցների անվան տակ քողարկվում են ի շահ որոշակի արևմտյան ընկերությունների ձեռնարկվող հովանավորչական միջոցառումները: Իսկ Վլադիմիր Չիժովը գտնում է, որ «Եվրամիությունը դեռևս չի կարողացել հետ կանգնել պատժամիջոցների ուղու ռելսերից, թեև բավականին ակնհայտ է, որ այդ ուղին տանում է ոչ մի տեղ»:


Դժվար է չհամաձայնել Վլադիմիր Չիժովի հետ: Սանկցիաներով հարցը ոչ միայն չի լուծվում, այլև առճակատումն առավել խորանում է:

 

 

Գուրգեն Վարոսյան