Ի պատասխան ընկերներիս: Արագածի հյուսիսային գագաթ իսկապես կարելի է մեկ օրում բարձրանալ ու այն իսկապես 4090 մետր է ծովի մակերեսից: Մենք վերջին անգամ բարձրացանք Ապարանի կողմից' ճանապարհին անզուգական ջրվեժներ ու գետեր կան, թեեւ գյուղերին մոտենալուց բոլորն էլ առած են ՀԵԿ-ի խողովակների մեջ, ասում են' նախկին դատախազ Աղվան Հովսեփյանն է բանտարկել այդ գետը: Խորհուրդ կտամ գնալ երկու օր ու առաջին գիշերն անցկացնել խառնարանում' դա մոգական տեղ է:

 

Սակայն ես այլեւս չեմ բարձրանա հյուսիսային գագաթ: Բանն այն է, որ գագաթը փխրուն հրաբխային ժայռ է, ահավոր ու գեղեցիկ: Եւ ամեն անցորդը, ով հասնում է գագաթը, ակամայիս փշրում է այս եզակի հրաշքը, ամեն քայլով ավերածություններ պատճառելով ու քարերի հոսքեր առաջացնելով: Չեմ կարող ու չեմ ուզում արգելել ուրիշներին, սակայն ինքս ինդձ արգելեցի այլեւս գնալ այնտեղ ու նվազեցնել Արագածի բարձրությունը թեեւ մի քանի ոտնաքայլով:

 

Փոխարենը դիմում եմ բոլորին առաջարկությամբ, որը դեռ անցյալ տարի անցավ մտքովս' եկեք անվանակոչենք Արագածի չորս հրաշք գագաթները, որոնք կակաչի պես բացվել են ժայթկումից մինչեւ մեր Հայրենիքի սիրտը... Չորս անմահ հերոս ունեինք XX դարի մեր ազգային-ազատտագրական պատերազմներում' Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե Մելքոնյան: Առաջարկում եմ անվանակոչել ամենաբարձր ու դժվարամատչելի հյուսիսային գագաթը Նժդեհ, ամենահաճախ այցելվող հարավայինը Մոնթե, արեւմտյանը Լեոնիդ ու արեւելյանը Դրո: Ի'նչ կասեք, հայեր...

 

 

Տիգրան Խզմալյան