Ազատ խոսքի գինը ազատ խոսելու ազատությունը չէ, որ տրվում է և չի տրվում: Ազատ խոսքի արժեքը ներքին ազատությունն է, որ գործնական ընթացքի մեջ դառնում է պատասխանատվություն: Պատասխանատվություն, որ պիտի կերտի ռազմավարություն: Ռազմավարությունն անհրաժեշտորեն պետք է սկսվի անհատից, որպեսզի ընթացքում և վերջնահաշվարկում պարզվի, թե ով ինչ և ինչպես է մտածում և խոսում: Անհատների համախումբ գումարը դառնում է փաստացի վիճակագրության դաշտ:


Ով ինչ և ինչպես մտածում է, այպես էլ ապրում և ապրեցնում է. եթե այսպես մտածենք, մե՞ծ գին կտանք մտքին և խոսքին: Նաև տալիս ենք: Եթե տալիս ենք, ամենաառաջին անհրաժեշտությունը չկասկածելն է, որովհետև կասկածելն արդեն ստեղծել է հասարակական անվստահության այնպիսի միջավայր, որ տարրական ճշմարտությունը և առարկայական լուրն անգամ կանգնում է մտքի և հոգու փակ դռների առջև, բախվում է ինքնահալած անտարբերությանը և փոշիանում, դառնում է այլահալած ասեկոսեների առիթ, ընդունվում է այսինչ ու այնինչ շահախնդիր անձանց պատվեր: Անհանդուրժելի իրականության ծնած անհանդուրժողականությունն արդեն իսկ բացառել է հասարակական ընկալման միատարրությունը, և անկողմնակալ լրատվության բացակայության կասկածը կտրել է տարրական տրամաբանության գլուխը. ոչ ոք չի ուզում մտածել, որ այս անհանդուրժելի իրականությունն իր իսկ ձեռքով է կերտել: Բոլորի ձեռքով, միայն ոչ իր: Լուռ բերան չկա, և բոլորը <բերանները սրբել, մի կողմ են քաշվել>: Ուրեմն և առաջին հերթին' պետք է ընկալել, ապա' օրենքի ուժի իմաստով պետք է ընդունել, որ պատասխանատվությունն է կարգված մտքի և խոսքի ելակետը:


Եթե պատասխանատվությունը դառնա անհատի, հասարակական մտքի և խոսքի ելակետ, անհրաժեշտաբար կդառնա օրենքի հիմք և արարքները կչափվեն մտքով և խոսքով: Արտաքին և ներքին օրենքը կգործի, եթե հիմնված լինի ճշգրիտ /ոչ հերյուրած/ վիճակագրության և ճշմարիտ / ոչ հարմարվողական/ և հսկող ռազմավարության վրա: Հասարակական անհրաժեշտություն դառնալու պահանջով' պետք է ենթարկվել ելակետ և հենակետ այն գաղափարին, որ ամեն մեկն իր մտքով և իր խոսքով պատասխանատու անձ է:

 

 

Արման Խաչատրյան