Իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Էվանջելիստա Տորիչելին (1608 - 1647), այդ կնամոլն ու Ֆլորենցիայի գինետների մշտական այցելուն, մեզ կտակել է ոչ միայն «Տորիչելյան դատարկությունը», այլեւ անոթներից հեղուկի հոսելու արագության բանաձեւը, պարաբոլների քառակուսացման կանոնը: Նա կատարելագործել է հրետանային անկյունաչափը: Ի դեպ, անծանոթ լինելով բարձրագույն մաթեմատիկային՝ սահմանել է ցիկլոիդի քառակուսացումը: Գիտնականը մահացել է 39 տարեկանում եւ իր հետ գերեզման տարել մի գաղտնիք, որի գոյության մասին մարդիկ իմացան ընդամենը երեսուն տարի առաջ:

 


Հայտնի է, որ Տորիչելին ինքն էր ոսպնյակներ պատրաստում օպտիկական գործիքների համար: Ֆլորենցիայի Գիտության պատմության թանգարանում է պահվում 83 միլիմետր տրամագծով «Տորիչելյան ոսպնյակը», որը նրա մահից հետո աստղագետները դրեցին հեռադիտակի մեջ եւ այն ուղղեցին դեպի Սատուրն՝ դիտարկելով վերջինիս օղակը:

 


300 տարի անց ֆիզիկոսները դիֆրակցիոն ցանցի օգնությամբ, որն ի վիճակի է ոսպնյակի մեջ հայտնաբերել միլիմետրի մոտ մեկ տասը հազարերորդական չափի անհամասեռությունները, Տորիչելիի ոսպնյակը համեմատեցին նորագույն եւ բարձրորակ ոսպնյակների հետ եւ պարզեցին, որ այն իր հատկանիշներով գերազանցում է ժամանակակից ոսպնյակին: Տորիչելիի գրառումներում կա մի այսպիսի տող. «Հրեշտակն անգամ ի վիճակի չէ պատրաստելու ավելի լավ սֆերիկական հայելիներ»: Գերճշգրիտ ոսպնյակների պատրաստման գաղտնիքի «բանալին» պահվում էր մի տուփի մեջ, որը գիտնականի մահից հետո երկար ժամանակ գտնվում էր նրա բարեկամների մոտ եւ ձեռքից-ձեռք էր անցնում: Հետո ձեռագիրն անհետ կորավ:

 

 

ՀԳ - 1641 թ. հոկտեմբերի 16-ին Գալիլեյն ու Տորիչելին ծանոթացան: Երեք ամիս անց Գալիլեյն իր աշխատանքները կտակեց Տորիչելիին: «Օգտվել» է արդյո՞ք կենսախինդ եւ թեթեւաբարո կյանքով ապրող Տորիչելին Գալիլեյի կտակից: Այսօր այս հարցին ոչ-ոք չի կարող պատասխանել: