Հուլիսի 8-ից ի վեր Իսրայելի Պաշտպանության բանակը գործողություն է իրականացնում Գազայի հատվածում ընդդեմ ՀԱՄԱՍ շարժման՝ նպատակ ունենալով կանխել հրթիռակոծումները և ոչնչացնել ՀԱՄԱՍ շարժման թունելները և ենթակառուցվածքները: Այսօր իսրայելցիները կորցրին 13 զինվոր: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ իր զինյալներին հաջողվել է իսրայելցի զինվորներին թակարդը գցել եւ նրանց փոխադրամիջոցի տակ ռումբ պայթեցնել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հարցազրույցում հայտարարել է, որ «գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչեւ Իսրայելի քաղաքներում հանգիստը վերականգնվի, սակայն Իսրայելը Գազայի հատվածը կրկին գրավելու ծրագրեր չունի: Ոչ ոք շատ երկարատեւ ռազմական գործողություն չի ցանկանում»:

 

Հուլիսի 14-ից սկսյալ Եգիպտոսի նորընտիր Նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին և արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին նախաձեռնել են խաղաղարար գործընթաց, որը, սակայն, որևէ կերպ չի հաջողվում հաջողությամբ պսակել: Եգիպտոսի իշխանություններն առաջարկել էին կրակը դադարեցնել առանց որևէ նախապայմանի, սակայն խնդիրն այն է, որ ՀԱՄԱՍ խմբավորումը պահանջում է Իսրայելի իշխանություններից ազատ արձակել իր 55 համակիրներին, ինչպես նաև բացել Եգիպտոսի սահմանում գտնվող անցակետը: Իսրայելը պահանջում է ՀԱՄԱՍ-ի լրիվ զինաթափումը և հրթիռների արձակման թունելների վերացում:

 

Իսրայելն առաջրկն ընդունեց, իսկ ՀԱՄԱՍ-ը՝ ոչ: Ըստ ՀԱՄԱՍ-ի որոշ ներկայացուցիչների, Եգիպտոսը վստահելի միջնորդ համարվել չի կարող, քանզի ճանաչել է Իսրայելը և ունի հարաբերություններ վերջինիս հետ, ավելին' «դահիճը դրում է նույն հարթության վրա զոհի հետ և այդ փաստաթուղթը չարժե նույնիսկ այն թանաքը, որով գրված է»: Ավելին՝ ՀԱՄԱՍ-ը եգիպտոսում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

 

Եգիպտոսի կառավարությունը դրանից ձեռնարկել է հակամարտությունը կարգավորելու ևս երեք փորձ, որոնցից վերջինն ընթացքի մեջ է: Նախաձեռնությանը սատարում են նաև Քուվեյթը, Քաթարը և Հորդանանը: Անկախ ելքից, սակայն, ակնհայտ է, որ կան ուժեր, որոնց ժամանակ առ ժամանակ ձեռնտու է բորբոքել կրակը: Իհարկե, լայնածավալ պատերազմը նրանց շահերից էլ չի բխում, սակայն արաբա-իսրայելական խաղաղությունը հիմնարար խոչընդոտ է տարածաշրջանում ունեցած շահերի տեսակետից: Բոլոր դեպքերում, այս պատմությունը դեռ երկար կտևի…

 

 

Գուրգեն Վարոսյան