Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում ֆինանսների նախարարությունը շարունակում է էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի ամենօրյա հսկողությունը՝ հատկապես դրանց անվավեր կամ չեղյալ ճանաչման դեպքերի նկատմամբ: Հուլիսի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում օբյեկտիվ կամ սույբեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ են ճանաչվել թվով 7084 էլեկտրոնային հարկային հաշիվներ՝ 3,5 մլրդ. դրամ ընդհանուր արժեքով:

 


Բանն այն է, որ այսգործընթացում հնարավոր են հարկային ռիսկեր, երբ դուրս գրված հարկային հաշվով ապրանքը առաքվում է, այնուհետ գործարքն ավարտելուց հետո հաշիվը չեղյալ կամ անվավեր ճանաչվում: Այդ ռիսկերը կարող են չեզոքացվել համապատասխան հսկողական աշխատանքների արդյունքում: Դա հաշվի առնելով, ֆինանսների նախարարության կողմից առաջիկա օրերին կիրառության մեջ կդրվի «Էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների նկատմամբ հսկողություն իրականացնելու մասին» կարգը:

 


Իսկ ընթացիկ տարվա հուլիսի առաջին տասնօրյակում 2013 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ դուրս գրվող հարկային հաշիվների միջին օրական քանակների համեմատաբար մեծ աճ է արձանագրվել մի շարք կազմակերպությունների, այդ թվում «ԱԹԵՆՔ» ՍՊԸ, «ԲԱՐԻ ՍԱՄԱՐԱՑԻ» ՍՊԸ, «ԱԴԱՄԻՈՒՄ» ՍՊԸ, «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ» ՍՊԸ, «ԴՈՒՍՏՐ ՄԱՐԻԱՆԱ» ՍՊԸ, «ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ», «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, «ԴԵՐԺԱՎԱ Ս» ՓԲԸ մոտ:

 


Հուլիսի առաջին տասնօրյակում 10 մլն դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ են ճանաչել 89 հարկ վճարողներ:

 

 

Տիգրան Խաչիկյան