1. Եթե երթուղայինը լեփ-լեցուն չէ, կանգնած ուղևորներ չկան կամ մեկ-երկու հոգի են, ապա պետք չէ մարդկանց զուր տեղն անհանգստացնել՝ ուղեվարձը տալով նրանց, որ փոխանցեն. դրա մեջ պարզապես իմաստ չկա, քանի որ դուք այն հանգիստ կարող եք ինքներդ տալ վարորդին իջնելու ժամանակ:


2. Հարգարժան մեծահասակներ, եթե սաստիկ շոգի պայմաններում ձեզ համար տհաճ կամ վնասակար է պատուհանից փչող քամին, ապա հնարավորության դեպքում աշխատեք նստել այնպիսի տեղ, որտեղ բացվող պատուհան չկա, այլ ոչ թե զմռսեք պատուհանը կամ ուրիշներից մունաթով պահանջեք որ փակեն:


3. Յուրաքանչյուրս էլ գիտենք՝ ինչպիսին է հասարակական տրանսպորտի վիճակը Երևանում, և ուրեմն, եթե ձեզ բախտ է վիճակվել կանգնած երթևեկել, ապա պետք չէ փնթփնթալ, երբ վարորդը ձեզանից հետո ուրիշ ուղևորների էլ է վերցնում. հասկացեք, որ մյուսներն էլ են ուզում տեղ հասնել, ինչպես դուք. փորձեք դիմանալ անհարմարությանը:


4. Հարգարժան երիտասարդներ, եթե նստած եք երթևեկում և ուզում եք օգնել կանգնած ուղևորին, ապա ոչ թե նրա պայուսակը և իրերը վերցրեք ու դրեք ձեր գոգը, այլ տեղ տվեք, որ նստի, ընդ որում, եթե աղջիկ է, ապա ավելի ճիշտ կլինի, որ վեր կենաք, ոչ թե <նեղ անեք> ու տեղ տաք 1/3 նստատեղի չափով: Հիշեք, որ առաջին հերթին պետք է տեղ զիջել մեծահասակներին, որոնց համար կանգնելն իրոք կարող է շատ դժվար ու տանջալից լինել, այլ ոչ թե աղջիկներին:


5. Եթե գերբեռնվածության պատճառով դռան մոտ կանգնած եք երթևեկում, ապա բարի եղեք, երբ մարդիկ իջնելիս են լինում, իջնել և մարդավարի ճանապարհ տալ. պետք չէ նրանց ստիպել, որ ձեզ քսվեն: Նույն ձևով, երբ ցանկանում եք բարձրանալ, թույլ տվեք, որ նախ իջնողներն իջնեն. պետք չէ մի ոտքը դնել աստիճանին՝ ձգտելով առաջինը բարձրանալ, և խանգարել մարդկանց:


շարունակելի...

 

 

Արթուր Շիրինյան