Օրերս Թբիլիսիում Հայկական եկեղեցու վրա տեղի ունեցած հարձակումը ևս մեկ անգամ փաստեց, որ հայ-վրացական հարաբերությունները երբեք կայուն չեն եղել, անգամ երկողմանի բավականին արդյունավետ համագործակցության պայմաններում:


Առաջին հերթին կողմերի միջև գոյություն ունեն պատմական լուրջ տարաձայնություններ' կապված Քաղկեդոնականության, քաղկեդոնական և ոչ քաղկեդոնական մշակութային կոթողների պատկանելիության և այլ տարաբնույթ հարցերի շուրջ: Իսկ արդեն 1918 թվականին երկու պետությունների անկախանալուց հետո, Վրաստանը ուղղակիորեն հավակնություններ է ներկայացնում Հայաստանի մի շարք հյուսիսային շրջանների նկատմամբ, որի հանգուցակետը դառնում է հայ-վրացական կարճատև պատերազմը և Ջավախքի կորուստը:


Վերջին տասնամյակներում նույնպես, չնայած կողմերի միջև տնտեսական բավականին արդյունավետ համագործակցությանը, պետությունների մեջև ձևավորվել է անվստահության մթնոլորտ, որը աստիճանական կերպով կարող է վերածվել խուլ հակամարտության: Դա պայմանավորվում է առաջին հերթին Ջավախքում վրացական իշխանությունների կամայականություններով և երկրների տարբեր գեոպոլիտիկ հետաքրքրություններով: Իսկ հարաբերությունների սրման և ապակայունացման գլխավոր գործոն պետք է ընկալել Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումը և Հայաստանի Եվրասիական տնտեսկան միությանը միանալու պատրաստակամությունը: Սա նույնիսկ օրինաչափ է, քանի որ գործ ունենք իրար հակադիր կառույցների հետ, որոնց միջև գոյություն ունեցող հակասությունները չեն կարող չանրադառնալ հայ-վրացական հարաբերություններին:


Ինչ վերաբերվում է հայկական եկեղեցում տեղի ունեցած միջադեպին, ապա կասկածից վեր է. որ դա ազգամիջյան թշնամանք սերմանելու փորձ էր: Նմանատիպ գործելաոճը բնորոշ է բոլոր տերությունների և որպես կանոն այդ բավականին արդյունավետ մեթոդներով նրանք միշտ հասել են հաջողության: Կարող ենք հիշել 20-րդ դարի սկզբին Ռուսական կայսերական իշխանությունների կողմից հրահրված հայ-թաթարական ընդհարումները:
Այժմ դժվար է ասել թե նմանատիպ բախումները ում են պետք և ում կողմից են հրահրվում, բայց ակնհայտորեն դա ձեռնտու չէ ոչ Վրաստանին և ոչ էլ առավելևս Հայաստանին:

 

 


Կարպիս Փաշոյան