Ինչքա՞ն երկար է տևում կիրքը և ինչու՞ է այն մահանում: Պարզվում է' ամենաուժեղ զգացմունքների հիմքում ընկած են ընդամենը քիմիական գործընթացներ:

 

Որտե՞ղ է ապրում սերը:


Սիրո գոյության վայրը համարվում է սիրտը: Իրականում սիրտը ոչ թե սիրո աղբյուրն է, այլ միայն ցուցիչը (ինդիկատոր)։ Թե որտեղ է ապրում սերը, գիտի անթրոպոլոգ, դոկտոր Էլեն Ֆիշերը: Նա բացահայտել է դա փորձված ճանապարհով՝ համակարգչային «տոմոգրաֆիայի» և մի քանի տասնյակ սիրահար կամավորների օգնությամբ:
Պարզվում է՝ սերը ապրում է գլխում՝ ուղեղի ամենախորը և հին մասերում, որոնք մենք ժառանգել ենք մեր հին նախնիներից՝ սողուններից: Այնտեղ են գտնվում մեր հենքային, անկառավարելի զգացմունքները և գայթակղությունները: Հենց այդ բաժիններ էին ակտիվանում, երբ սիրահարների աչքերի առջև հայտնվում էր իրենց սիրո «առարկայի» դիմանկարը: Երբ նրանց ցույց էին տալիս պարզապես ծանոթ մարդու լուսանկար, ակտիվացումը տեղի չէր ունենում: Սակայն դա դեռ քիմիա չէ, այլ՝ ֆիզիկա:

 

Որպեսզի սիրո հրդեհը պատի մեզ, անհարաժեշտ է, որ ուղեղը ազդանշաններ տարածի ամբողջ մարմնով: Ազդանշանները էլեկտրական չեն, այլ քիմիական՝ որոշակի հորմոնների տեսքով, իսկ ավելի հստակ՝ նեյրոտրանսմիտներով։ Թե վերջիններիցս կոնկրետ որոնցով, գիտնականները նույնպես պարզել են. ռոմանտիկ սիրահարվածության ժամանակ արյան մեջ ավելանում է նպատակի հորմոնը՝ դոֆամինը, և նորեպինեֆրինան (ադրենալինը): Միաժամանակ իջնում է հաճույքի հորմոնի՝ սերոտոնինի քանակությունը: Արդյունքում սերը ուժեղ ձևով ասոցացվում է տանջանքի հետ (սերոտոնինի պակասից) և միաժամանակ բարձրանում է ոգեշնչումը (ադրենալինի ավելցուկ): Ինչ վերաբերում է հիմնական «մեղավորին»՝ դոֆամինին, այն տալիս է ամբողջական կենտրոնացում սիրո «առարկայի» վրա: Այն տիրակալի նման ստիպում է ձգտել այդքան ցանկալի «առարկային» և հասնել նպատակին:

 

Երկա՞ր է արդյոք սիրո դարը:

 

Գիտնականները գիտեն նաև դա: Կրքոտ սիրահարվածությունը տևում է միջինում 12-17 ամիս: Այդքան ժամանակը սկզբունքորեն հերիք է, որպեսզի հասնես փոխադարձ սիրո կամ ստանաս վերջնական մերժում: Եթե սիրո կրակը վառվեր երկար, ապա այն կվառեր մեզ մինչև մոխիր դարձնելը, որը չի մտնում բնության ծրագրերի մեջ: Երջանիկ սիրահարները կմահանային հյուծվածությունից, իսկ մերժվածները՝ անտանելի տանջանքներից:

 

Սակայն չկան կանոններ առանց բացառությունների: Առանձին դեպքերում սերը կարող է շատ երկար տևել: Հատկապես, եթե այդ սերը դժբախտ է: Երջանիկ սիրո համար բնությունը ունի մեխանիզմ, որը կատաղի հրդեհը վերածում է հանդարտ կրակի օջախի: Դժբախտ սիրո համար այդպիսի մեխանիզմ չկա. միայն ինքնապահպանման բնազդն է գործում, այն էլ ոչ միշտ: Երբ արդեն նպատակին հասել եք, հոգին և մարմինը միացել են, սկսվում է հարաբերությունների նոր շրջան: Սիրո փաղաքշանքների ժամանակ արտադրվում են օքսիտոցին և վազոպրեսսին: Այդ նյութերը կապ ունեն ժառանգների ստեղծման գործընթացի հետ, նաև նպաստում են այնպիսի հետաքրքիր հարաբերությունների ձևավորմանը, որոնք կապում են երեխային և մորը: Դրանք նրբության և կապվածության հորմոններն են, որոնք նպաստում են նաև կրքի հորմոնների ավելացմանը: Բուռն սիրահարվածությունը նվազում է այն բանից հետո, երբ աճում է կապվածությունը: Երանության փուլի տևողությունը բնության կողմից հավասարեցված է այն ժամանակահատվածին, որի ժամանակ անհրաժեշտ է հոգ տանել և կերակրել երեխային: Նրա շարունակությունը միջին տևողությամբ 3 տարի է: 4-րդ տարում շատ հարաբերություններ անկում են ապրում:

 

Մյուս կողմից որոշ զույգերի մոտ այդ փուլից հետո հարաբերություններում դրսևորվում է բարձր կենսունակություն: Բայց դրանք այլ զգացմունքներ և հարաբերություններ են, որոնք կապված են ոչ թե հնագույն նախնիներից ժառանգած, այլ հետագայում առաջացած մարդկային ուղեղի հատվածների հետ: Կարելի է այն համարել ընկերություն կամ հավերժական սեր: Ամեն դեպքում այդ զգացմունքները ամբողջությամբ քննարկման ուրիշ թեմա են։

 

Հարաբերությունների «կենսունակությունը» շատ դեպքերում որոշվում են դրանց զարգացման արագությամբ: Երբ կուրացնող ցանկությունը ճնշում ենք, հանկարծ պարզում ենք, որ մեր պաշտամունքի «առարկան» զերծ չէ թերություններից: Ինչու՞ է նա այդպես արագ փոխվել:

 

Իրականում նա չի փոխվել. պարզապես սիրո կրքի պահին մենք ժամանակ և հնարավորություն չենք ունեցել ուսումնասիրել մեր ընտրյալին:

 

Երկար շփումը թույլ է տալիս զույգերին լավ ճանաչել միմյանց և զերծ մնալ տհաճ բացահայտումներից: Հնարավո՞ր է սոսնձել կոտրված սիրտը: Հնարավոր է: Եվ սիրո քիմիայի իմացությունը այդ հարցում կօգնի: Սերոտնինի ցածր քանակի բարձրացմանը կօգնի դառը շոկոլադը կամ ծովափի ավազին պառկելը: Եվ ահա կյանքը չի թվա այդքան դժբախտ: