Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից դուրս գալով' քառյակի ներկայացուցիչները հավաքվածներին հայտարարեցին, թե հանձնաժողովում իրենք մի շարք փաստարկներ են բերել, որ ՀԾԿՀ կայացրած որոշումն ապօրինի է և էլեկտրաէներգիայի թանկացումն արդարացված չէ:

 

«Խմբակցությունները, ՀԿ-ները և սպառողների միությունները նիստին ներկայացրել են իրենց հիմնավորումները, որ թանկացումները անհիմն են: Քարի նման, փայտի նման նստած հանձնաժողովի ոչ մի անդամ ոչ մի ծպտուն չի հանել: Մենք ներկայացրել ենք փաստեր, որոնք մինչև հիմա չեն եղել: Ոչ մեկը մինչև հիմա չգիտեր, որ մենք Վրաստանից հոսանք ենք առնում: Իշխանությունները դա թաքցրել են տարիներ շարունակ»,-հայտարարեց Արամ Մանուկյանը:

 

Նա հայտարարեց նաև, թե իրենք առաջարկել են հանձնաժողովին ժամանակ տալ՝ քննարկելու և ուսումնասիրելու մի շարք փաստեր: «Անգամ այս առաջարկը չանցավ: Այնպես որ, ձեր ցանկացած պահանջն արդարացված է: Բայց քանակ է պետք, նաև կամք է պետք»,-հավաքվածներին դիմելով ասաց Արամ Մանուկյանը:

 

Վերջինս ասաց, թե ԱԺ ոչ իշխանական ուժերի քառյակը հետագա քայլերի համար որոշում չունի կայացրած:

 

«Մենք կխորհրդակցենք, որովհետև սա անակնկալ էր: Կխորհրդակցենք և ձեզ տեղյակ կպահենք մեր մոտեցումների մասին»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:

 

 

Արթուր Սաֆարյան