Հայաստանը Բաքվում կիրառեց մեսիջային դիվանագիտության հնարքը Արտաշես Գեղամյանի միջոցով, ով այնտեղ հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է, որպեսզի Ադրբեջանը ևս դառան ԵԱՏՄ անդամ՝ շեշտելով նաև ներկայումս աշխարհում սահմանների առկայության անկարևորությունը: Սա Երևանի հակընդդեմ դիվանագիտական քայլի փորձն էր ներկայումս քննարկվող այն իրողության ֆոնին, որ Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին ընդգրկել ԵԱՏՄ Ղարաբաղի զիջման գնով: Պատահական էր, արդյո՞ք, ադրբեջանցի ռազմական փորձագետ և ռազմական լրագրող Ուզեիր Ջաֆարովի հայատարարությունը, որ «հնարավոր է Լեռնային Ղարաբաղին հարակից երեք շրջանների վերադարձը»՝ հավելելով, որ նման գործարքի կայացման մեջ մեծ դեր է վերապահված Ռուսաստանին:

 

Դժվար է ասել, սակայն նման մտավախություն, դատելով Աստանայի հանդիպումից և Ռուսաստանի մեծ շահագրգռվածությունից, որ Ադրբեջանը միանա ԵԱՏՄ-ին, առկա է: Ինչևէ, այս քայլով Երևանը փորձում է համոզել հատկապես Մոսկվային, որ Ղարաբաղի ու Ադրբեջանի և Ղարաբաղի ու Հայաստանի միջև սահմանների հստակեցմանը կարևոր չէ, կարևորը միացյալ տնտեսական տարածքի առկայությունն է, որին Հայաստանը կողմ է՝ առանց կառչելու սահմանների հստակեցման սկզբունքին: Այսպիսով, Հայաստանը նաև մատնանշում է դիրքորոշման մեղմացում՝ փորձելով խուսափել այդ հարցում հնարավոր ճնշումներից:

 

Հիմա իշխանության համար կարևոր է չսրել իրավիճակը ղարաբաղյան հարցով, որպեսզի նորից չհետաձգվի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, այլապես դրանից կարող է օգտվել մեր հարևան երկրի ղեկավարությունը՝ Ղարաբաղի հարցում ստատուս քվոյի բալանսը հնարավորինս իր կողմը թեքելու հարցում: Սակայն, միևնույն ժամանակ, իշխանությունները վստահ չլինելով այդպիսի մոտեցման արդյունավետության մեջ, հանդես չեն գալիս ուղղակի հայտարարությամբ՝ կիրառելով, այսպես կոչված, ռեզերվային դիվանագիտությունը, որպեսզի անցանկալի գործընթացների դեպքում հնարավոր լինի նաև մանևրել:

 

Աստանայում պարզ դարձավ, որ մեր դաշնակիցները շահագրգռված չեն, որ մեր երկիրը մուտք գործի ԵԱՏՄ ԼՂՀ-ով: Ուստի պետք է շոշափել ԵԱՏՄ անդամների և Ադրբեջանի վերաբերմունքը առանց սահմանների հստակեցման Հայաստանի և Ադրբեջանի անդամակցությաը: Այլ կերպ ասած՝ Հայաստանը կողմ է անդամակցությանն առանց ԼՂՀ-ի, ինչի մասին հայտարարել է նաև Սերժ Սարգսյանը, իսկ Ադրբեջանն էլ պետք է չպահանջի ԼՂՀ-ը դիտարկել իբրև իր տարածք, այն դեպքում, եթե անդամակցի ԵԱՏՄ-ին:

 

Հնարավոր է, որ Երևանը փորձում է իրեն դիրքավորել կառուցողական դաշտում, և այն դեպքում, երբ Բաքուն կամ Մոսկվան կփորձեն պայմանավորվել ԼՂՀ հարցում, նա կկիրառի խոչընդոտելու իր «լեգիտիմ իրավունքը»: Սակայն, Արտաշես Գեղամյանին կարող են լուրջ չընդունել և Բաքվի ու Մոսկվայի խաղը միգուցե շատ հեռու գնա, ուստի պետք է պաշտոնական Երևանը հստակորեն արտահայտի իր դիրքորոշումը՝ հասկացնելով, որ իր շահերին հակառակ ցանկացած քայլ կարող է հանդիպել լուրջ խոչընդոտների՝ ընդհուպ ԵԱՏՄ-ին անդամակցության սառեցում: Ինչպես երևում է, մերոնք էլ սկսեցին աստիճանաբար հասկանալ, որ լռելը դիվանագիտական կատիգորիա չէ:

 

Վազգեն Ղազարյան