Արևմուտքը հերթական անգամ հայտնվել է իր իսկ սխալ արտաքին քաղաքականությամբ ձևավորված ծուղակի մեջ: Այս անգամ արդեն Իրաքում: Եվ իրվաիճակն այնքան է սրել, որ այս պահին ցանկացած "կայծ" կարող է առաջ բերել անկանխատեսելի աղետ ողջ տարածաշրջանի ու ողջ աշխարհի համար կրոնական պատերազմի տեսքով: Երևի Վաշինգթոնում արդեն սա հասկանում են, որ արդեն քանիերորդ անգամ Արևմուտքի "ցանած վարունգը թարս է բուսնում ու հայտնվում իրենց իսկ նստատեղում". հասկանում են նաև, որ այս պահին այլևս այն նախկին լավ ժամանակները չեն որ ինքնուրույն համաշխարհային ժանդարմի կերպարի մեջ մտնի ու որոշի աշխարհում ով ոնց է ապրելու կամ ով է մահանալու: Եվ այն պահին, երբ ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը, որը հենց ամերիկյան աղբյուրների համաձայն սերում է ԱԼ ՂԱՅԻԴԱ-ից' ասել է թե ԱՄՆ ոխերիմ թշնամուց, հաղթանակած կերպով առաջ է շարժվում, ԱՄՆ-ը, ավելորդ գլխացավանքից ազատվելու համար որոշում է ուղղակի դիմել "բորենու" քաղաքականության և "Պիղատոսյան ձեռնլվայով" ազատվել' իր պետքարտուղար Ջ.Քերրիի բերանով ասելով, որ Վաշինգտոնը իրեն պատասխանատու չի համարում իրաքյան ճգնաժամի համար:


Մինչդեռ դառնանք պատմությանն ամենակսզբից: Դեռևս 1916 թ. մայիսի 16-ին անգլիացիների եւ ֆրանսիացիների ստորագրած Սայքս-Պիկոյի համաձայնագրի մասին է, որով երկու կողմերը կիսում էին Օսմանյան կայսրության ասիական (հատկապես արաբական) տիրույթները: Լոնդոնում գաղտնի պայմաններում կնքված այդ համաձայնագիրը փաստորեն հիմք ծառայեց Իրաքի ներկայիս սահմանների համար: Այն ժամանակ Առաջին աշխարհամարտը դեռ չէր ավարտվել, բայց եվրոպացի դիվանագետներն արդեն մշակում էին թուլացած Օսմանյան կայսրության մասնատման ծրագրեր: Ինչպես նկատում է Պ.-Ժ. Լուիզարը "ԼԻԲԵՐԱՍԻՈՆ"-ում հրապարակված իր հոդվածում' "Ներկայիս Իրաքի տարածքում կային միայն շրջանային սահմաններ: Այդ օսմանյան նահանգները սահմանագծված էին ավելի շատ ըստ աշխարհագրական, քան դավանանքային չափանիշների: Օրինակ, կային Մոսուլի, Բաղդադի, Կիրկուկի, Բասրայի եւ այլ վիլայեթներ":
Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանության առաջին քարտուղար, սիրիագետ Ֆրանսուա Ժորժ-Պիկոյին եւ անգլիացի դիվանագետ Մարկ Սայքսին հանձնարարվեց սահմանագիծ անցկացնել այսպես կոչված Բրիտանական Արաբիայի եւ Ֆրանսիական Սիրիայի միջեւ: Գաղտնի համաձայնագիրը ստորագրվեց 1916-ի մայիսին: Այդ համաձայնագրով տարածաշրջանը բաժանվում էր 5 գոտու: Առաջին գոտին (սիրիական ծովափից մինչեւ Կիլիկիա) հանձնվում էր Ֆրանսիայի անմիջական կառավարմանը: Երկրորդ գոտին (Միջագետքից մինչեւ ներկայիս Քուվեյթ) անցնում էր Մեծ Բրիտանիայի անմիջական կառավարմանը: Հաջորդ երկու գոտիները «ազդեցության գոտիներ» էին. A-նՙ ֆրանսիական, B-նՙ բրիտանական: Վերջապես 5-րդՙ «դարչնագույն» գոտին Պաղեստինն էր, որը բաժանված էր մի քանի մասի: Սրբավայրերը պետք է լինեին միջազգային վերահսկողության տակ:5 գոտիների մեջ մտնում էին նաեւ Արեւմտահայաստանի մի մասը եւ Քուրդիստանը:


Պ.-Ժ. Լյուիզարը նշում է, որ Սայքս-Պիկոյի համաձայնագրի սահմանագիծը "հատում է Եփրատի հովիտը. այն բաժանեց կիսաքոչվոր ցեղերին եւ թույլ չտվեց որեւէ փոխներթափանցում": Ինչ վերաբերում է «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» ջիհադիստներին, նրանք կարծում են, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը "ցույց է տալիս Միջին Արեւելքի բաժանման իմպերիալիստական բնույթը եւ արաբական անկախ թագավորություն ստեղծելու Արեւմուտքի խոստումների դրժումը, երբ 1920-ին տարածաշրջանում ստեղծված փոքրիկ պետությունները ենթակա դարձան ֆրանսիական եւ բրիտանական մանդատներին": Սակայն Պիեռ-Ժան Լյուիզարը տվյալ կարծիքը համարում է պատմական անճշտություն, քանի որ համաձայնագրով "նախատեսվում էր Մոսուլը Հալեպի եւ Դամասկոսի հետ ընդգրկել միեւնույն տարածքային միավորի մեջ": Սկզբում ֆրանսիացիներին հատկացած Մոսուլը 1925-ին միացվեց ներկայիս Իրաքին: Փաստաթղթում նախատեսված գաղտնի սահմանազատումը այնուամենայնիվ հիմք ծառայեց տարածաշրջանի ներկայիս սահմանագծման համար: Ջիհադիստներն ուզում են վերջ դնել դրան եւ ստեղծել իսլամական պետությունՙ խալիֆայություն, որը առնվազն պետք է ընդգրկի Իրաքի սուննիական մասը, Սիրիան եւ Լիբանանի մի մասը: Խոսվում է նաեւ Պաղեստինի ազատագրության մասին:Այնպես որ այսօր հերթական անգամ ականատես ենք լինում մոտ մեկդարյա արևմտյան խաբեբայություների հետևանքներին, խաբեբայություններ, որոնք չշրջանցեցին նաև Հայաստանը, երբ ստորագրվեց Սևրի դաշնագիրը, սահմանագծվեց ապագա Հայաստանը, սակայն նույն Արևմուտքը շատ հանգիստ մենակ թողեց Հայաստանին ու սեփական շահերի առաջնայնությամբ խաչ քաշեց Վիլսոնյան Հայաստանի վրա: Այնպես որ այս խաբեբայություններն են, որ այսօր կարող են բերել ներիսլամական կրոնական պատերզմի, որի ջրաղացին նույն Արևմուտքը շարունակում է ջուր լցնել:


ՀԳ.- Պատմական նյութի համար շնորհակալ եմ ԱԶԳ-ին

 

 

Նարեկ Գաբրիելյան