Այսօր Քառյակի ներկայացուցիչների ասուլիսում միտք է հնչել, թե Հայաստանում խորհրդարանական ճգնաժամ է:


Եթե գլոբալ իմաստով մոտենանք հարցին, ապա այդ ճգնաժամը գոյություն ունի այս խորհրդարանի ձևավորման առաջին օրից, որովհետև քաղաքականությունը Հայաստանում վերածվել է շուկայի ու պառլամենտն էլ ձևավորվել է այդ տրամաբանության շրջանակներում:


Սակայն ընդդիմությունն ի նկատի ունի այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն վերջին մի քանի նիստերին դժվարությամբ է քվորում ապահովում:


Եթե սա է ճգնաժամի գլխավոր բնութագրիչը, ապա այն գոյություն չունի:
Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը վերահսկում է իրավիճակը ու ծաղկաձորյան երեկվա նիստ-կեր ու խումը բավարար էր, որպեսզի այսօր անհրաժեշտ օրենքներն ընդունվեն:


Ավելին, Սարգսյանը ծաղկաձորյան կոմբինացիայով իր շրջապատին, ու առաջին հերթին՝ Հովիկ Աբրահամյանին, հասկացրեց, որ առանց իր միջամտության կարող են և օրենքներ տապալվել:


Խորհրդարանական ճգնաժամ Հայաստանում լինելու է, բայց դրա ականատեսը կլինենք 2016թ-ին:
Ընտրական ցիկլից առաջ, երբ Սարգսյանի անխուսափելի, սահմանադրոթյամբ պարտադրված հեռացումը տեսանելի կլինի, իշխանության ներսում ճաքեր կառաջանան:


Դա անխուսափելի է, որովհետև այս իշխանության ներսում չկա որևէ խարիզմատիկ գործիչ, ով հավասարապես ընդունելի կլինի բոլոր կլանների, խմբավորումների, ներքին ֆրակցիաների համար:


Խորհրդարանական կառավարմանն անցումը մի փոքր կարող է մեղմել վիճակը, որովհետև, ամեն դեպքում, համամասնական ցուցակը ավելի լայն դաշտ է բացում ներխմբային կոմպրոմիսների համար:
Բայց, մեծ հաշվով, Հայաստանի իշխանությունը չունի կրեատիվ ռեսուրս, կանգնած է կադրային ու քաղաքական ճգնաժամի առաջ ու 2017-18թթ-ին ընդառաջ՝ ներիշխանական ճաքերն անխուսափելի են: Նույնիսկ մի վարչապետի փոփոխությունն այսօր հանգեցրեց կառավարող կոալիցիայի վերացմանը:


Այնպես որ՝ սպասեք խորհրդարանական ճգնաժամի, բայց՝ 2016-ին: Ու դրա համար հաստատ Լևոն Զուրաբյանին պարտական չենք լինի...

 

 

Սուրեն Սուրենյանց