Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ մայիսի 27-ի երեկոյան ժամերին իբր «հայկական դիվերսիոն-հետախուզական խումբը փորձել է գրավել Ֆիզուլու ուղղության առաջնագծում ադրբեջանական զինուժի դիրքերից մեկը»։ Արդյունքում Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 2 զոհ, 1 ծանր վիրավոր։


Հայտնի են զոհված զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։ Ծանր վիրավորվել է 1994-ին ծնված շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլուն։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, ներկայումս նրա վիճակը ծանր է։
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ենթասպային հետմահու պարգևատրել է «Գերազանց ծառայության համար» 3-րդ կարգի մեդալով, իսկ կապիտանը հետմահու ներկայացված է «Արիության համար» մեդալի։


Նշենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից հավաքագրած տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի մայիս ամսվա ընթացքում ունի 6 զոհ, 20 վիրավոր։
Նկատենք, որ Միրզազադեի վիրավորման մասին մայիսի 26-ին հայտնել էր ադրբեջանական ANSpress լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ն փաստորեն այսօր հաստատել է տեղեկությունը։

 

 


Վրեժ Հովսեփյան