Կասկած չկա, որ վերջին զանգը կարևոր օր է բոլոր ավարտողների համար: Բայց իրականությունը ցույց է տալիս, որ մենք վերջին զանգի խորհուրդը վերաիմաստավորելու լրջագույն խնդիր ունենք' առնվազն մի քանի պատճառով. պետք է վստահ լինենք, որ վերջին զանգը թանկարժեք ավտոմեքենաներով զբոսնելը, պատուհաններից կախվելը, թանկարժեք ռեստորանում խնջույք անելը չէ, ծախսերը փակելու համար այստեղից ու այնտեղից գումար հայթհայթելը չէ: Վերջին զանգի խորհուրդը ապագայի նախնական պլան ունենալն է, որը ոչ մի կերպ չպետք է հանգի պարտադիր կերպով տարեկան մի քանի հարյուր հոգով քաղաքագետ, իրավաբան, բժիշկ դառնալուն, կարելի է լինել նաև արհեստավոր, ում հացը, ինչպես ասում են, միշտ երաշխավորված է: Այստեղ մեծ է ծնողների կարգավորիչ գործառույթը, որպեսզի այսօրվա ավարտած շրջանավարտը 4 կամ 7 տարի հետո չմեղադրի պետությանը, որ իրեն չի կարողանում պահել և բռնի արտագաղթի ճամփան:Ընդունված է ասել, որ հեշտ է սովորել սեփական սխալների վրա, բայց դա միֆ է, պետք է սովորել ուրիշների սխալների վրա: Այնպես, որ ավագ սերնդի շատ ներկայացուցիչների սխալ ուղի ընտրելը թող նոր սերնդի համար կողմնորոշիչ լինի: Մենք սակավ ռեսուրսներով փոքր երկիր ենք' հետևաբար իրավունք չունենք միշտ գնալու նույն ճանապորհով, որը շատերի համար փակուղով է վերջացել: Բարի երթ բոլոր շրջանավարտներին' առաջին հերթին զինակոչիկներին:

 

 

Կնյազ Սարոյան