Շուտով կհաստատվի կառավարության ծրագիրը: Այդ ծրագիրը պետք է նախանշի Հայաստանի զարգացման ընթացքը: Այն ոչ միայն պետք է արտացոլի հասարակական շահերն ու պահանջմունքները, այլև դրանք կառավարման մոդելյացիայով տեղափոխի իրապես կայուն զարգացման հուն: Իսկ դրա իմպերատիվ սկզբունքն ընկած է ռազմավարական հետևյալ հիմքերում.
1. փոփոխությունների արտացոլումը երկրի տնտեսական, սոցիալական և մշակութային-հոգեբանական ասպեկտներում. որքան էլ որ դրանք ցանկալի թվան ինչ-ինչ նախաձեռնողների կողմից, միևնույնն է՝ չեն կարող ապահովել կայուն զարգացում, քանի որ հասարակության կողմից չեն ընկալվելու ու չեն դառնալու իբրև նորմ, կարգ, արժեք,
2. ծրագրի իրական հիմք, որն ունակ է միացնելու նպատակներն ու միջոցները՝ ռեսուրսներն ու պայմանները, այլապես, հայտնի են շատ դեպքեր, երբ ծրագրերը եղել են ռոմանտիկ կամ իլյուզիվ որոշումների արտացոլանք, և հանգեցրել տարատեսակ ճգնաժամերի, ստագնացիաների, ռեցեսիաների, կոնֆլիկտների
3.քաղաքական ռիսկերի հաշվի առնում և ճիշտ գնահատում լեգալ-կառավարական մակարդակում, երբ ռիսկերն արդյունք են իրականացրած սոցիալական, տնտեսական, իրավական քաղաքականության, ինչպես նաև՝ արտաքին մակարդակում, որոնք են՝ միջազգային ռեգիոնալ իրավիճակը, ներդրումային պոտենցիալը, միջազգային կառույցները, արտաքին առևտուրը, արտաքին պարտքը, ֆինանսական աջակցությունները և այլն:
4. Հասարակության քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ ամրության և դրա գործառնական այնպիսի վիճակի ամրապնդում, որը կապահովի համակարգի տրանսֆորմացիոն վիճակի փոխարկելիությունը կայուն դինամիկ զարգացմամբ՝ հիմնված քաղաքական նորմերի ու արժեքների վրա՝ մրցակցություն, քաղաքական պլյուրալիզմ, էլիտայի շրջապտույտ:
Կառավարության ծրագիրն արժեքների համատեղման ամբողջություն է, այն նաև ազգային համաձայնության բովանդակություն պետք է ունենա, որը հիմնված է ռեսուրսների ճիշտ բաշխման ու սոցիալական բևեռացման կրճատման վրա:

 

Արման Սահակյան