Երջանկությունը մարդու հոգու խաղաղ, երանական հանգիստ վիճակն է:
Երջանկությունն Աստծո ներկայությունն է մարդու մեջ, առանց որի մարդը չի կարող երջանիկ լինել:
Ոմանք կարծում են, որ երջանկությունը կապված է բարեկեցության, վայելքների, երաժշտության, արվեստի բնագավառում ինչ-ինչ հոգեկան պահանջմունքներ բավարարելու հետ:
Մինչդեռ մարդկության պատմության փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ, այլապես աշխարհի ամենաերջանիկ մարդիկ պետք է լինեին հարուստները, արվեստագետները, հանրաճանաչ, հռչակավոր մարդիկ:
Այդ ամենը անցողիկ, խաբուսիկ բաներ են և կարող են միայն երջանկության պատրանք ստեղծել:
Երջանիկ մարդն ապրում է Քրիստոսով, Քրիստոսի մեջ:
Երբ մարդու կյանքից բացակայում է Աստված, երջանիկ լինել չի կարող:
Այստեղ խիստ պատշաճ են Սողոմոն Իմաստունի խոսքերը. «Ունայնություն ունայնությանց» (Ժող.1: 2):
Երջանիկ լինել, Քրիստոսով ապրել, չի նշանակում ապահով, բարեկեցիկ կյանք վարել:
Աստվածաշնչյան սրբերի կյանքից հայտնի է, որ ամենաերջանիկ մարդը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն էր:
Սուրբ Գիրքը վկայում է այդ. «Օրհնյա՜լ ես Դու կանանց մեջ, և օրհնյալ է Քո որովայնի պտուղը...» (Ղուկ. 1: 42):
Սակայն, Նա հանգիստ, բարեկեցիկ կյանք չունեցավ:
Անընդհատ վտանգների, հալածանքների, փորձությունների մեջ էր, սակայն երջանիկ մարդ էր, որովհետև Քրիստոսին կրեց Իր որովայնում, սնեց, մեծացրեց, այսինքն' մարմնով կրեց Քրիստոսին:
Օրհնությամբ՝ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյան

 

Վրեժ Հովսեփյան