Ելնելով վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումներից, կարելի է գալ այն եզրակացությանը, որ Հայաստանի հակաթուրքական կեցվածքի խստացումը վերստին պահանջված քաղաքական ապրանք է դառնալու: Կրկին անգամ անցյալում գործած մեր սխալներն ու տված անհամար զոհերն օգտագործվելու են ուրիշների կողմից՝ իրենց սեփական աշխարհաքաղաքական, ռազմական , տնտեսական խնդիրները լուծելու համար: Չեմ ցանկանում մանրամասնել, սակայն կարծում եմ, որ չեմ սխալվի, եթե ասեմ, որ առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում որքան ավելի հակաթուրքական կեցվածք որդեգրենք մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության համատեքստում, այնքան ավելի թույլ կդարձնենք սեփական դիրքերը Արցախի մասով: Լավ կլիներ, որ և երկրի արտաքին քաղաքականության համար այսօր պատասխանատու պաշտոնատար անձինք, և հայկական կուսակցություններն՝ այդ թվում նաև Դաշնակցությունը, լրջորեն ծանրութեթև անեն իրենց կողմից նախաձեռնելիք քարոզչական գործողությունները, քանի որ, եթե ունակ չես ինքնուրույն և առարկայորեն արդյունավետ քաղաքականություն վարել, ապա գոնե անիմաստ ու անպտուղ քարոզչությամբ լրացուցիչ բարդություններ մի առաջացրու երկրիդ ու ժողովրդիդ համար: Մեր շուրջը ձևավորվող նոր աշխարհաքաղաքական իրավիճակը հուշում է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը չպետք է ենթարկեցվեն հայկական իշխող վերնախավի սրտին և մտքին հարազատ “գոլդ համարների ” տրամաբանությանը: Արձանագրությունների հետկանչն այժմ նույնքան, անիմաստ ու վնասակար է, որքանով որ անիմաստ ու վնասակար էր ժամանակին դրանց ստորագրումը:


Արման Մելիքյան