Շատ ողջունելի եմ համարում Հովիկ Աբրահամյանի որոշում՝ Պարտադիր Կուտակայինի մասին օրենքի՝ վճարումներ չկատարելու դեպքում տույժեր գանձելու մասին հոդվածը չէղյալ հայտարարելու մասին որոշումը: Այ, որ տեսնեմ որ մարդը իսկապես գործ է անում ու անում է ի նպաստ մարդկանց, կարո՞ղ է ասեմ, որ ձյունը սև է:
ՄԻնչդեռ, այս պարագայում ձյունը կարծես թե իրոք սպիտակ է: Համենայն դեպս, այսօր Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է արդեն եկող շաբաթ ԱԺ մտցնել Պարտադիր Կուտակայինի մասին օրենքը, որպեսզի ԱԺ-ն քվեարկի դրա 76-րդ հոդվածը կասեցնելու մասին կառավարության որոշման օգտին:
Այդ հոդվածով մասնավորապես սահմանվում էր պարտադիր կուտակայինի վճարումները չկատարած գործատուների նկատմամբ տույժերի կիրառման կարգն ու ձևը: Եթե այս հոդվածը չէղյալ ճանաչվի ԱԺ-ի կողմից, ապա դե ֆակտո օրենքը դադարում է լինել պարտադիր կուտակային, որովհետև ոչ մի լեգալ սանցիա պետությունը չի կարողանա կիրառել այն գործատուների դեմ, ովքեր չեն կատարում կուտակային վճարումները:
Միևնույն ժամանակ, սա դեռ չի նշանակում, որ ընդհանուր օրենքն է չէղարկվում ու դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու այն վճարումների հետ, որոնք արդեն արվել են ու չի ասվում նաև, որ աշխատողը կարող է չվճարել կուտակային վճարումները: Այս տեսքով, որոշ գործատուներ կարող են շարունակել գանձել այդ գումարները և անգամ վճարումներ կատարել, ուղղակի արդեն ոչ պարտադիր հիմքով:

 

Գեղամ Ասլամազյան