ՍԱՐԴՈՍՏԱՅՆ (հատված վեպից)
Հեղինակ՝ Արթուր Հայրապետյան
Չհասցրեցի եկեղեցի մտնել, դևը բռնեց կոկորդս... քաղաքը կրկին գետնի տակ էր առել մարդուն ու մի բուռ հող էր լցրել, ծածկել էր մարդու անկենդան մարմինը: Ես էլ մյուսների նման պառկել էի գետնին, հող լցնող չկար... մարմինս արևի տակ վառվում էր, գիշերը սառեց մարմինս ու միայն դևն էր, որ եկել էր վերջին հրաժեշտին՝ մարդու:
Այսօր աշխարհը արդեն սառցակալել է, և մեր մեղքերը, որ նիրհում են մեր հոգիներում, ցրտից ընդարմացած մեր սրտերում քարացած արցունք են դառել: Էլ չկար դևը, չկար աշխարհի մեղքը՝ մարդը...
Մտնում ենք սառցե հոգիների դարաշրջան, որտեղ հավերժության և հարատևության մեջ մեղքերն այնքան շատ են, որ կործանեցին աշխարհը...
Ես դեռ չհասցրեցի մեծանալ՝ մեռա... ու մի բուռ հող գլխիս լցնող չեղավ... միայն ինձ ծանոթ շներն ու կատուներն էին, որ նստել էին կողքիս ու պապանձվել: Մինչև վերջին րոպեն չդադարեցի Աստծուն հավատալ... հավատում էի, որ գնում եմ սեր գտնելու, չէ՞ որ Աստված սեր է, իսկ սիրո արմատը՝ խիղճը...
Ծիծեռնակները ցած էին թռչում, անձրև էր գալու, իսկ ես դեռ գետնի վրա հանգիստ պառկել էի ու սպասում, թե ով մի բուռ հող կլցներ, որ մարմինս գնար, խառնվեր հողին, իսկ հոգիս արդեն սեր էր գտել՝ ապրում էր...

 

Արթուր Հայրապետյան