Աշխարհում պոտենցիալ բախման թեժ կետերից մեկը մնում է խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանը: Չինաստանի և Ճապոնիայի միջև չի դադարում Արևելաչինական ծովում գտնվող՝ բնական ռեսուրսներով հարուստ երեք անմարդաբնակ կղզիների (ավելի հայտնի որպես Սենկակու կղզիներ) շուրջ ծավալված տարածքային վեճը: Երկու երկրերի միջև այս վեճն արդեն տևում է ավելի քան 40 տարի, երբ ԱՄՆ- ն երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրավված այդ տարածքները հանձնեց Ճապոնիային, որը Չինաստանն այդպես էլ չմարսեց:
Ինչևէ, ժամանակի ընթացքում Չինաստանի հզորանալուն զուգընթաց Պեկինը ավելի հաճախակի է սկսել խոսել այս կղզիների հանդեպ իր հավակնությունների մասին, որը բնավ դուր չի գալիս, ո´չ ԱՄՆ-ին, ո´չ էլ առավելևս Ճապոնիային: Չինաստանն անցած տարվա նույեմբերին նույնիսկ որոշումում կայացրեց Ճապոնիայի հետ Արևելաչինական ծովում վիճահարույց տարածքների շուրջ օդային պաշտպանության նույնականացման գոտի ստեղծել, որը խստորեն դատապարտվեց ԱՄՆ-ն ի դեմս այդ երկրի Պաշտպանության նախարար Չաք Հեյգելի: Ընդամենը մի քանի օր առաջ, երբ վերջինս պաշտոնական այցով գտնվում էր Չինաստանում անդրադարձել էր նաև այդ հարցին: Ճապոնիան, սակայն, կարծես ևս ձեռքերը ծալած չի նստում, և իր հերթին փորձում է որոշակիորեն ապահովագրել ինքն իրեն ընթացող զարգացումներից:
Վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ Ճապոնիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը վիճելի կղզիներում: Այդ երկրի պաշտպանության նախարար Իձունորի Օնոդերան հայտարարել է, որ Յոնագունիյում (Yonanguni) իրենք ձեռնամուխ են լինում նոր ռադարային համակարգի կառուցմանը, որն իբր պետք է որոշակիորեն չեզոքաացնի Չինաստանից եկող պոտենցիալ վտանգը' իր մոնիտորինգային և հետախուզական հնարավորություններով: Ճապոնացի նախարարի խոսքերով չի բացառվում, որ նմանատիպ համակարգեր կառուցվեն նաև մի շարք այլ մոտակա կղզիներում:
Այժմ մի շարք փորձագետներ կարծում են, որ սա կարող է լրջորեն նյարդայնացնել Չինաստանին: Ինչ խոսք, Չինաստանը բազմիցս նշել է, որ Ճապոնիայի հետ վիճելի կղզիների, ստորջրյա ժայռերի և ծովային սահմանների շուրջ ձևավորված խնդիրներն իրենք պատրաստ է լուծել բանակցային եղանակով, բայց մյուս կողմից հաշվի առնելով ներկայիս միջազգային գործընթացներն ու ուժային վերադասավորումները շատ դժվար է ասել, թե դեռ ինչքան է Չինաստանը պատրաստ հաստատակամ մնալ իր սզբունքներում: Ճապոնիան այսօրվա դրությամբ միանշանակ պատրաստ չէ միայնակ դիմակայել չինական ագրեսիային: Ասեմ ավելին Չինաստանի և Ճապոնիայի ռազմական հնարավորությունները պարզապես համեմատելի էլ չեն: Չապոնիայի միակ հույսն ու ապավենը ԱՄՆ-ի առայմ բացարձակ գերիշխանությունն է տվյալ տարածաշրջանում: Մյուս կողմից, սակայն, ինչպես քիչ առաջ ասացի վերջին զարգացումները աշխարհում կարող են իրենց ուղղակի ազդեցությունն ունենալ Չինաստանի քաղաքականության վրա: Աշխարհը տեսավ, թե ինչ արեց ԱՄՆ կամ էլ պատկեարվոր ասած Արևմուտքը, երբ Ռուսաստանը բոլորի աչքի առջև իրեն միացրեց Ղրիմը: Իսկ Չինաստանը Ռուսաստանից պակաս հնարավորություններ չունի, որպեսզի կարողանա իր «հարցերը» լուծել:
Հուսանք բանը դրան չի հասնի: Ի վերջո, եթե այդ հավանական բախումը չի լինելու մեր տարածաշրջանում, ապա դա դեռ չի նշանակում, որ դրա հետևաքները մեզ վրա ոչ մի անդրադարձ չեն ունենալու: Չմոռանանք, թե ինչ փոխկապակցված աշխարհում ենք մենք ապրում…

 

Վազգեն Ղազարյան