Ինչու՞ պետք է գայիշնիկները (ցավոք, այս կարևոր կառույցի աշխատակիցներից շատերի մոտ այս բառը շարունակում է մնալ սոցիալ-հոգեբանական վիճակ) պտույտներ գործեն օդանավակայանում, որպեսզի տուգանքի ենթարկեն վարորդներին, այն դեպքում, երբ վարորդները ստիպված են գոնե կանգառելու օդանավակայանի դռների մոտ, քանի որ բեռներով մարդկանց են տեղափոխում կամ դիմավորում: Ավտոկայանման համար նախատեսված կայանատեղին գտնվում է բավականին հեռու, և եթե մարդը ժամանում է բեռներով, ապա շատ դժվար է դրանք քարշ տալ կայանատեղի՝ աստիճաններով, ինչ է, թե ինչ-որ մարդիկ որոշել են, որ կարելի է գաին օգտագործել բյուջե հավելյալ գումար մուտք անելու համար: Իսկ ներսի կայանատեղիի գներն էլ, բնականաբար, աէրոպորտի գներ են. 2 ժամ ոչինչ չանելու դիմաց նրանք ստանում են 2000 դրամ, խելացի հաշվարկ է, այնպես չէ՞:
Ինչու՞ է այդ հատվածում տեղադրված կանգառն արգելող նշան, պարզ տրամաբանությամբ, գոնե, այն պետք է լիներ կայանումն արգելող նշան, որպեսզի հնարավոր լիներ բեռները տեղադրել և շարժվել: Եվ եթե գայիշնիկներն այդքան մտահոգ են "Զվարթնոցի" կարգ ու կանոնով, ապա թող ոչ թե 20 րոպեն մեկ պտույտներ գործեն ու վերադառնան հենց այն վայրը, որտեղ անհնար է, որ գոնե մեկ ավտոմեքենա անհրաժեշտության համար կանգառած չլինի, այլ թող կայանեն հենց այդ վայրում ու արգելեն վարորդներին կանգառել: Հերթն արդեն հասավ օդանավակայանին, որտեղից կարելի է բյուջեն լցնել, արդեն մարդիկ վախենում են մեքենա կայանել՝ կարմիր գծերը մի կողմից, նման անհեթեթ նշաններն էլ մյուս կողմից: Քաղաքը դարձել է մորզեի այբուբեն, ու ոչ մի վարորդ չի կողմնորոշվում ինչպես վարի, որ չտուգանվի: Հերիք եղավ, ամոթ է, էդ պահմտոցիի հոգեբանությունը անհարիր է. թուփ, ոլորան, հետադարձի անկյուն գտնեն տեղավորվեն, որ վարորդներին տուգանեն, սա պետավտոտեսչություն է, ոչ թե ճանապարհային չարչիություն:

 

Արման Սահակյան