Մի ազատամարտիկ ընկեր ունեի' աստված հոգին լուսավորի:

Գարունը շատ էր սիրում, գարնանն էլ հերոսի մահով ընկավ:
Կյանքում մի անգամ էր սիրահարվել:
Աղջկան գժի պես սիրում էր, ասում էր' երազում եմ նրա համբյուրին արժանանալ:
Էդպես էլ համբյուրի չարժանացավ, որովհետեւ հավերժի ճամփորդ դարձավ Ղարաբաղի գողտրիկ մի անկյունում' արնաքամ եղած սրտի վրա պինդ պահելով էն աղջկա նկարը, որին համբուրելը երազանք էր դարձրել:
Հա, մեկ էլ էն նամակը, որ վախելով տվել էր աղջկան, սևագիրն էլ պահում էր' միամիտի պես հուսալով, որ ինչքան երկար պահի գրած նամակը' էնքան շուտ պատասխան կստանա:
Հրաժեշտի պահին նայում էի նրա երիտասարդ, բայց իմաստնացած դեմքին: Ամեն բան խառնված էր իրար. հայրենիքի հանդեպ նվիրում, կիսատ գարնան դառնություն, կարոտած աչքեր, սիրած աղջկա համբյուրին կարոտ շուրթեր...
...22 տարեկան հասակում դժվար է մարդու մեջ խտացնել այն, ինչ կոչվում է սեր ու անավարտություն, չվերջացած գարուն ու անկոչի պես եկած աշուն, չսերտված երիտասարդություն ու գիտակցված մահ:
...Ընկերոջս մահից շաբաթներ էր անցել փողոցում մի աղջկա տեսա' սևազգեստ: Դեմքը ծանոթ էր: Հիշեցի' էն մերժող աղջիկն էր:
Ձայն տվեցի, արտասվեց:
Հասկացա, որ ինքն էլ կորցրել է իր կյանքի համբյուրը ու շտապում է Եռաբլուր' սիրային էն նամակի պատասխանը տալու...

 

Սուրեն Սուրենյանց