Քաղաքական սոուսի մեջ կա մի համեմունք, որը կոչվում է գաղափար: Գաղափարը բնականաբար լավ բան է, բայց, որպես կանոն, միջին ու ստորին օղակների համար: Երբ եփվում է որևէ քաղաքական կերակուր, վերնախավն ակնկալում է այդ կերակրի միսը, այսինքն' շատ կոնկրետ ու շոշափելի շահ, մնացյալին առաջարկվում է համեմունքը, այսինքն' գաղափարը:
Ինչպես <Ոսկե հորթի> մեջ կասեր Օստապ Բենդերը, գաղափարը մեզնից, բենզինը ձեզնից: Բայց ավտոարշավի ժամանակ երևույթները տրանսֆորմացիայի են ենթարկվում, և բենզինը փոխանցվում է վերնախավին, գաղափարը մնում բենզին լցնողներին:
Սա շատ հրաշալի կառուցված բուրգ է, որտեղ բոլորը պետք է լինեն գոհ ու երջանիկ: Վերնախավը երջանիկ է, քանի որ ճաշակում է միսը, իսկ մնացյալ շերտերը էլ ավելի երջանիկ են, քանի որ չկա ավելի վեհ ձեռքբերում, քան գաղափարի մարտիկ կոչվելը: Իսկ եթե որևէ մեկին դա ձեռք չի տալիս, ապա թող կորչի գրողի ծոցը, քանի որ Գրիգոր աղան Թորիկին մի լայն ապտակ հասցրեց հենց մսի պատճառով ու բղավեց, ծո փարա ենք տվել, փարա:

 

Կարեն Կարապետյան