Երեկ այնպիսի տպավորություն էր, որ կարծես ինչ-որ կարևոր ներքաղաքական գործընթաց պետք է տեղի ունենար մեր հանրապետությունում: Մարդ իմանա կրկին վարչապետ պետք է ընտրեին, կամ էլ դրա տիպի ինչ-որ բան էր հասարակությանը սպասվում: Բայց դու մի ասա, խոսքն «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) քաղխորհրդի նիստի մասին էր, որից հետո իբր պետք է այդ կուսակցությունը հրապարակեր իր հետագա գործողությունների ծրագիրը: Դե ինչ, եղավ այն ինչ եղավ: ՕԵԿ-ը որոշեց դուրս գալ իշխող կոալիցիայից' համարելով այդ կոալիցիան ոչ նպատակահարմար և խնդրահարույց իրենց համար: Թե ինչ սև կատու անցավ ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի միջև չգիտեմ, բայց այն, որ սա այս կուսակցության քաղաքական վախճանն էր դա հաստատ:
Նախ եկեք դիտարկենք խնդիրը երկու տեսանկույնից: Եթե սա կոնկրետ ՕԵԿ-ի որոշումն էր, այլ ոչ թե ՀՀԿ-ի պարտադրանքը, ապա սրանից ավելի հիմար որոշում այս կուսակցությունը կայացնել չէր կարող: Ինձ ուղղակի հետաքրքիր է, թե իրենք ինչպես են իրենց պատկերացնում ընդդիմության շարերում: Ես ինքնս դա չեմ պատկերացնում և չեմ էլ կարող պատկերացնել, թե ինչպես պետք է մեր հասարակությունը դա պատկերացնի: Միանշանակ է, որ ՕԵԿ չի կարողանալու գրավել ընդդիմադիր զանգվածը և դրա համար կա երկու պատճառ: Առաջինն այն է, որ չի լինի աջակցություն ընդդիմադիր զանգվածի կողմից, իսկ երկրորդ' արդեն իսկ ընդդիմադիր կուսակցությունները ոչ միայն չեն համագոծակցի և ընդունի ՕԵԿ-ին իրենց «շարքերը», այլև դեռ մի բան անել այս կուսակցությանը կդարձնեն իրենց համար ընդհանուր թշնամի և ամեն կերպ կպիտակավորեն և կնսեմացնեն ՕԵԿ-ականներին ի դեմս իրենց առաջնորդ Արթուր Բաղդասարյանի: Այնպես որ ես ոչ մի տրամաբանություն այս կուսակցության գործողություններում չեմ տեսնում:
Մյուս կողմից, եթե սա հանրապետականի պարտադրանքն էր, ապա սրա համար կարող է լինել մի քանի պատճառ: Առաջինն այն է, որ այս քայլով հանրապետականները, գուցև փորձում են Արթուր Բաղդասարյանին զոհաբերելով սիրաշահել ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինիս գլխավորած կուսակությունը մտնի կոալիցիա: Ի վերջո ինչպես գիտեք Արթուր Բաղդասարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև առկա է շատ լուրջ ընդհարում և հետևաբար դա կարող էր լուրջ խոչընդոտ հանդիսանալ ԲՀԿ-ի' կոալիցիա մտնելու ճանապարհին: Չգիտեմ, թե արդյոք ԲՀԿ-ն կարող էր հասնել նրան, որ ինչ-որ տեղ պարտադրեր հանրապետականին գնալ նման քայլի, բայց մյուս կողմից հանրապետականը շատ մեծ բան չի էլ կորցնում: Մեծ հաշվով ՕԵԿ-ն արդեն իրեն սպառել է և ոչ մեկին այլևս պետք չէ: Այնպես որ չի բացառվում, որ հանրապետկանում որոշել են ՕԵԿ-ին անպեկտ իրի պես նետեն աղբարկղը:
Բանն այն է, որ ՕԵԿ-ն այլևս 2008թ-ից առաջ մեծ հեղինակություն ունեցող կուսակցությունը չէ, որի հետ հաշվի նստեն և հետն էլ առևտուր անելիս մեծ գին առաջարկեն: ՕԵԿ-ն այլևս «գծերից ընկած» մոլորված կուսակցություն է, որը չունի քաղաքական ապագա: Սրտանց ցավում է այս կուսակցության և դրա առաջնորդ Արթուրք Բաղդասարյանի համար, քանի որ 2008-ին Արթուր Բաղասարյանի համար կար բացառիկ հնարավորություն դառնալ ընդդիմության առաջնորդ և հետագայում չափազանց լուրջ մարտահրավեր նետել իր քաղաքական հակառակորդներին իշխանության պայքարի համար: Բայց դժբախտաբար թե բարեբախտաբար դա չեղավ:
Ահա և վերջ, ֆինիտա լա կոմեդիա:

 

Վազգեն Ղազարյան