Օրերս Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվում էր Թուրքմենստանում: Ինչպես հիշում եք Նախագահը Թուրքմենստանի իր գործընկերոջ հետ բանակցությունների արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել էր, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անվիճելի է, և դրա փաստացի կազմակերպումը պետք է ամրագրվի դե յուրե: Այս հայտարարությանը, Ինչպես և սպասելի էր, այսօր արձագանքել են նաև Ադրբեջանից:
Արձագանքողն արդեն երկար տարիներ մեզ ծանոք Էլման Աբդուլաևն է, Ադրբեջանի արտգոծնախարարության մամուլի խոսնակը: Ադրբեջանցի պաշտոնյան իր «արարողակարգային» հայտարարությունից այս անգամ ևս չի շեղվել և հերթական անգամ կրկնել է այն ինչը մշտապես կրկնում են Ադրբեջանում' «Լեռնային Ղարաբաղն ու դրա հարակից տարածքները Ադրբեջանի անբաժանելի մաս են կազմում:» Վերջինիս խոսքերով միջազգային հանրությունն արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ադրբեջքանի արտգործնախարարության պաշտոնյայի խոսքերով ավելի լավ կլիներ, եթե այս պարագայում Սերժ Սարգսյանն իր եռանդն ու ջանքերը ներդներ հակամարտությունը կարգավորելու մեջ, այլ ոչ թե հանդես գար ապակառուցողական հայտարարություններով: Աբդուլաևը, վերջում նաև կրկնելով այն միտքը, թե իբր միջազգային հանրությունը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, հավելել է, թե իբր վաղուց արդեն ժամանակն է, որ պաշտոնական Երևանը ևս համակերպվի այդ մտքի հետ:
Մարդ չգիտի անգամ որտեղից սկսի մեկնաբանել այս խեղկատակությունը, բայց ինչևէ սկսենք սկզբից, բաց թողնելով, սակայն, այն մասը, որ Արցախն իբր իրենց տարածքն է: Սա վիճարկելը կամ էլ առհասարակ այս թեմային անդրադառնալը կարծում եմ վաղուց արդեն անլուրջ: Մյուս կողմից ինչ վերաբերում է, այն հայտարարությանը, թե իբր միջազգային հանրությունն արդեն իսկ արտահայտել է իր դիրքորոշումը և ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս, ապա սրան չանդրադառնալ պարզապես չեմ կարող: Ինձ ուղղակի հետաքրքրում է, թե այդ ե՞րբ միջազգային հանրությունը հասցրեց նման դիրքորոշում արտահայտել, որ մենք էլ դրա մասին չիմացանք: Մեր հարևան երկրի հարգելի պաշտոնյան թերևս իրականությունն ըմբռնելու հետ որոշակի խնդիրներ ունի: Եկեք փորձենք օգնել:
Բանն այն է, որ այսօրվա դրությամբ գոյություն ունի Լեռնային ղարաբաղի հակամարտություն հենց այն պատճառով, որ Արցախի կարգավիճակը Սովետական փլուզումից հետո, ես կասեի նույնիսկ դրանից դեռ մի քանի տարի առաջվնաից սկսած, հանդիսանում է վիճելի: Ես չգիտեմ, թե Ադրբեջանի պատկերացմամբ այդ որ «միջազգային հանրությունն» է ճանաչում Արցախը Ադրբեջանի մաս, բայց կարող եմ վստահաբար ասել, որ մնացյալ աշխարհի ընկալմամբ և իրական, այլ ոչ թե երևակայական միջազգային հանրությունը, հակամարտության գրեթե սզբից ի վեր, ձևավորել է խնդիրը լուծելու համար հատուկ ձևաչափ, որի պարտականություններից մեկն էլ Արցախի կարգավիճակի հստակեցման համար աշխատանքներ, բանակցություններ վարելն է հակամարտող կողմերի հետ: Կարծում եմ ավելորդ անգամ նշել, որ խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների մասնակցույթամբ ձևաչափի մասին է, իմաստ չունի:
Հետո այդ ո՞վ և ո՞ւմ է մեղադրում ապակառուցողական հայտարարությունների մեջ: Մարդ ինչքան պետք է ցինիկ լինի, որպեսզի Հայաստանին մեղադրի ապակառուցողականության մեջ և նույն այդ քննադատական հայտարարության մեջ անմիջապես ասի, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է: Բայց ախր սա էլ դեռ մի կողմ: Հետաքրքիր է պարզապես իրենք գոնե մեկ-մեկ լսում են իրենց նախագահի հայտարարությունները, ով ոչ միայն խոսում է Արցախի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության «ազատագրման» մասին: Այնպես որ մեղադրել մեր նախագահին ապակառուցողական հայտարարություններ անելու մեջ պարզապես ծիծաղելի է, ոչ ավելին:
Ինչ վերաբերում է վերջին մտքի գոհարին, թե իբր լավ կլինի, որ պաշտոնական Երևանը, ասել է թե հայ ժողովուրդը, համակերպվի այն մտքին, որ Արցախը ադրբեջանական տարածք է, ապա շատ չխորանալով, կցանկանամ մի փոքր ձևափոխված ես էլ կոչ անեմ մեր ադրբեջանիցի հարևաններին' լավ կլինի, որ արթնանաք վերջին 26 տարվա քնից և համակերպվեք այն մտքին, որ Արցախն այժմ և այլևս մշտապես ազատագրված է, սակայն իր պատմական, իրական տերերի' հայ ժողովրդի կողմից:
Կարծում եմ սրանից ավել ինչ-որ բան ասելու անհրաժեշտություն չկա:

 

 


Հակոբյան Տիգրան