Ինչքան շատ եմ ծանոթանում Թումանյանից և Իսահակյանից այս կողմ՝ մեր պոետների ստեղծագործություններին, այնքան համոզվում եմ, որ նրանք թույլ, միջակությունից էլ ցած գործեր շատ են գրել...

Համարձակություն է պետք դրանք հետայսու վերահրատարակելուց՝ զտել, շատ չհոլովել, սերունդներին ներկայանալ միայն նրանց բարձրարժեք գործերով:
Շատերին ասվածը դուր չի գա, գիտեմ, ֆետիշիզմը մեր մենթալիտետի կարևոր նախապայմաններից է:
Նրանք՝ մեր մահկանացու և օրհնյալ մեծերն էլ զերծ չեն եղել մարդկային թերություններից. շատ են քննադատել, հեգնել իրենցից զատ ստեղծագործող սերնդին, որոշների առջև ուղղակի պատնեշներ դրել, երբեմն էլ՝ կծու հեգնանքով, ի հեղինակություն և ի պաշտոնե՝ իրենց հասու պրակտիկ գործողություններով, սառցե արհամարհանքով և անտարբերությամբ, հաճախ էլ ինտրիգներով և կեղծարարություններով՝ իսպառ ստվերում թողել, կամ պարզապես խեղդել շատ արժանավոր սերնդակից կամ ավելի երիտասարդ ստեղծագործողների:
Փաստեր շատ ունեմ և կարծում եմ դրանք մի օր անպայման ջրի երես կելնեն:

Այսօր էլ մենք ունենք հրաշալի բանաստեղծներ, գրողներ, որոնք դեռ շարունակում են մնալ պառնասում մեկընդմիշտ հաստատված մեր պոետների ջախջախիչ ստվերների տակ...

Ասես անիծված լինի հայ ստեղծարար արգանդը....

Այսօր էլ հրաշալի գործեր են ծնվում և մնում ստվերում...
Ինչու՞...
Եվ ոչ մեկը չի ուզում խոստովանել պատճառը. թյուրիմացաբար գալիս, դարձյալ հանգեցնում ենք համակարգի արատներին...
Համակարգը ոչ մի կապ չունի...Նարեկացին ե՜րբ և ինչ պայմաններում է ստեղծագործել...
Իրոք, մեծ, անմահ պոեզիա են ստեղծել մեր մեծերը, բայց դրանց կողքին՝ նաև շատ-շատ թույլ, խոտան գործեր...և այդ մասին ոչ-ոք չի խոսում...
Դրա փոխարեն երկու-երեք ստեղծագործող սերունդ իսպառ չի երևում...ասես՝ չկա էլ...
Բոլորիս մոտ էլ, առանց նրանց կարդալու, այն տպավորությունն է, որ նորերը՝ 70-ից 30 տարեկան, ոչինչ են, զերո...քանի որ կա Համո, կա Սևակ ու Չարենց, Կապուտիկյան ու Դավթյան...
Այսպես մտածելը ոչ միան սխալ է...սա մեկընդմիշտ կչորացնի հայոց ստեղծարար արգանդը, կոչնչացնի գենը, կսպանի ժողովրդին...
Դուրս գալ է պետք այս մտայնությունից և հաղթահարել նրանց առջև ունեցած վախը...
Ավագ պոետներից շատերը սիրով կուզեին ստորագրել այսօր ստեղծված շատ գործերի տակ և հակառակը՝ մեզնից շատերը նրանց դասական համարվող շատ ստեղծագործությունների տակ կամաչեին ստորագրել...
Սա էլ կա...
Դուրս գալ է պետք այս անեծքի տակից, հիպնոս-կախարդանքից, անցյալի այդ ծանրանաֆաս, դեռ իներցիայով վրեժխնդիր դասական կոչվող և նպաստավոր պայմաններում պառնաս բարձրացված ստվերից, որը, խոստովանենք, շարունակում է հետապնդել մեր բոլոր ստեղծարար անհատներին...

 

Սուսաննա Բաբաջանյան