Սիրելի մայրեր, քույրեր և կանայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: Միայն մեզանում նշվող այս գեղեցիկ տոնը ձեզ մեծարելու, մեր գնահատանքի ու երախտիքի խոսքերը հղելու ևս մեկ հրաշալի առիթ է:
Հայերիս համար դարեր ի վեր կնոջ ամենաբարձր կոչումը եղել ու մնում է մայրությունը, որի հանդեպ խոնարհումը վերածվել է պաշտամունքի: Ու բնավ զարմանալի չէ, որ մայրության տոնը մենք նշում ենք Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման օրը:
Հազարամյակների մեր պատմության բոլոր վճռորոշ պահերին հայ կինն ապացուցել է, որ իր փխրուն ուսերին կարող է տանել բոլոր դժվարություններն ու սատար կանգնել ամուսնուն, հորը, եղբորն ու որդուն: Դուք նաև դրանով եք ավանդական հայ ընտանիքի կայունության անսասան հենասյունն ու մեր ժողովրդի հարատևության առհավատչյան:
Այսօր էլ նույն անմնացորդ նվիրումով մեր կողքին եք ու շարունակում եք ձեր ներդրումն ունենալ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի շենացման գործում:
Սիրելի մայրեր, քույրեր և կանայք,
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, քաջառողջություն եմ մաղթում ձեզ և թող մայրական սրտի ջերմությունը, կանացի հմայքն ու պայծառ ժպիտը, քնքշությունն ու գրավչությունը, ինչպես նաև որդիական սերը ձեզ ուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:

 

 

Տարոն Մարգարյան