Ցանկացած գործում կամքի ուժը հաջողության գրավական է։ Եթե ուզում եք ոչ միայն փորձել ինչ- որ բան փոխել ձեր կյանքում, այլև ամրագրել այդ փոփոխությունը, դա դարձնել սովորություն, ձեզ կամքի ուժ է պետք։ 

Ռազմավարություն 1. Խոստում։
Պատկերացրեք՝ ձեր ընկերներին, ծանոթներին, նույնիսկ թշնամիներին ասում եք, թե որոշել եք 10 կգ նիհարել 3 ամսվա ընթացքում, և դա կանեք, ինչ էլ լինի։ Եթե խուսափում եք բարձրագոչ հայտարարություններ անելուց, ասեք գոնե մտերիմ ընկերներին ու ընտանիքի անդամներին, իսկ եթե չեք վախենում, հայտնեք գործընկերներին կամ էլ սոցիալական ցանցի ընկերներին։ Դրանից հետո կսկսեք գործողություններ մշակել այդ նպատակին հասնելու համար։
Մարդիկ, որոնց ձեր հայտարարությունը հետաքրքրի, կսկսեն ժամանակ առ ժամանակ հետաքրքրվել։ Նրանցից ոմանք հաջողություն կմաղթեն, բայց կլինեն նաև այնպիսիները, որոնք անհաջողության կսպասեն, իսկ հոգու խորքում նույնիսկ կցանկանան, որ ոչ թե նիհարեք, այլ գիրանաք 10 կգ-ով։ Համաձայնեք, որ ձեզ վատ կզգաք, եթե չարդարացնեք առաջինների հույսերը, իսկ երկրորդ տիպի մարդկանց էլ ձեզ քարկոծելու և ծաղրելու առիթ տաք։

Ռազմավարություն 2. Լավ սովորություններ։
Ինչպես հայտնի է, կարելի է ցանկացած նպատակի հասնել, եթե կանոնավոր և առանց կանգառների շարժվեք դեպի այն նույնիսկ փոքրիկ քայլերով։ Եթե ուզում եք զարգացնել ձեր կամքի ուժը, ձեզ ստիպեք անել այն, ինչն ապագայում ձեզ օգուտ կբերի։ Կարելի է սա անվանել լավ սովորություններ։ Առավոտյան մարզանք, վազք. ահա առավոտյան սովորությունների օրինակ։ Եթե կանոնավոր կերպով ինչ-որ օգտակար բան եք անում, մի քանի շաբաթից դա դառնում է սովորություն, և էլ ինքներդ ձեզ չեք ստիպի անել դա։

Ռազմավարություն 3. Հարկադրանք։
Պետք է գերակայություն տալ այնպիսի գործերի, որոնք պետք է անել, բայց դրանք ամենաքիչն եք ուզում անել։ Ենթադրենք՝ պետք է զանգահարեք տհաճ և կոպիտ մարդու, մեծ քանակությամբ ամաններ լվանաք կամ էլ բարդ աշխատանքային կամ ուսումնական ծրագիր կազմեք։ Նման գործերը սովորաբար ուրախություն չեն պատճառում, բայց դրանք մեզ հետաքրքրում են առաջին հերթին նրա համար, որ կարող են ամրապնդել մեր կամքի ուժը։ Իսկապես, եթե գործը բարդ է, բայց հետաքրքիր, մենք հաճույքով ենք այն անում, որովհետև մոտիվացիա ունենք, հետաքրքրություն։ Իսկ եթե այն հաճույք չի պատճառում, դրա իրականացման համար կամքի ուժ է պետք։

Ռազմավարություն 4. Սպորտ։
Սպորտով զբաղվելը կամքի ուժն ամրապնդելու լավագույն միջոցներից է։ Սպորտը ներառում է ոչ միայն մարզումները, այլ նաև արդյունքների հասնելը։ Հիշենք հին մարզական կարգախոսը՝ «Ավելի արագ։ Ավելի բարձր։ Ավելի ուժեղ»։ Սպորտը ոչ միայն այլ մարզիկի հետ մրցություն է, այլ նաև ինքներդ ձեզ հետ. դուք նշաձող եք սահմանում ու ձգտում եք հասնել դրան։ Այդ ճանապարհին հանդիպում են հետաքրքրության անկումներ, անհաջողություններ։ Արդյունքի հասնել կհաջողվի միայն կամքի ուժի միջոցով։ Իսկ ինչ հաճելի ու քաղցր կլինի հաղթանակը։ Ավելի լավ է անցնել սպորտային անհաջողությունների ու հիասթափությունների ճանապարհով, քան փորձերի ու սխալների ուղիով իրական կյանքում։

Եվ վերջում, մինչ ինքներդ ձեզ ձեր կյանքում փոփոխություն մտցնել խոստանալը մտածեք՝ արդյոք կարող եք իրականացնել։ Մեկ անգամ ձեզ ասելով՝ ԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ: