ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ու Սևաստոպոլում անցկացված հանրաքվեի վերաբերյալ ընդունված բանաձևն ուկրաինական ճգնաժամի նկատմամբ դիրքորոշումների բավական յուրօրինակ պատկեր ներկայացրեց: Բանն այն է, որ այս կարգի փաստաթղթերն, ըստ էության, ներկայացնում են պետությունների սկզբունքային մոտեցումներն առաջարկվող բանաձևերում ներկայացված խնդիրների վերաբերյալ, սակայն չունեն անմիջական գործողության ուժ, այսինքն՝ գործնական առումով անհետևանք են և, ավելի շուտ, ծառայում են քաղաքական ու բարոյական ներգործման նպատակին: Բանաձևին կողմ արտահայտվեց հարյուր, դեմ՝ տասնմեկ, իսկ ձեռնպահ եղան հիսունութ երկրներ: Քսանչորս պետություններ էլ, առհասարակ, չմասնակցեցին քվեարկությանը: Ստացվեց, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կեսից ավելին դատապարտեց Ռուսաստանի գործողությունները Ղրիմի՝ ՌԴ կազմ մտցնելու և, այդպիսով, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խախտելու կապակցությամբ: Մյուս կողմից, բանաձևն աջակցություն չստացավ Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության կողմից, որոնք Ռուսաստանի հետ համատեղ համագործակցության նոր ձևաչափ են հիմնել: Ընդհանրապես, եթե թվարկածներին հավելենք բանաձևին կողմ չարտահայտված բոլոր պետությունները, ապա կստացվի, որ փաստաթղթի առաջարկած դրույթներն ուղղակիորեն մերժել են, կամ դրանց միանալը սկզբունքորեն նպատակահարմար չեն գտել այն պետությունները, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության մոտ երկու երրորդը: Չեմ ուզում էլ ավելի խորանալ այդ կարգի հաշվարկների մեջ, բայց մի դիտարկում արժե մտապահել՝ բանաձևին կողմ են քվեարկել մեծամասամբ համեմատաբար հարուստ, զարգացած երկրները և արևմտյան կողմնորոշում ունեցող պետությունները, մինչդեռ մեծ բնակչություն ունեցող, սակայն անհամեմատ պակաս բարեկեցիկ երկրները չեն աջակցել դրան: Ուկրաինական ճգնաժամն, այսպիսով, կարող է դառնալ աշխարհում ռազմաքաղաքական ազդեցության և ֆինանսա-տնտեսական հոսքերի վերաբաշխման գործընթացի նախերգանքը՝ բազմամարդ բնակչություն ունեցող աղքատ հսկաները կարող են այս կերպ հարուստներին խաղի գործող կանոնները փոխելու պահանջ ներկայացնել:

 

 

Արման Մելիքյան