Ուկրաինայում ստեղծված քաղաքական ճգնաժամը, Ղրիմի հանրաքվեի շուրջ առաջացած կրքերն ու Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը վերոնշյալի իրադարձությունների վերաբերյալ մեծ քննարկումների առիթ դարձան:

Նախ, մարտի 6-ին, Եվրոպայի ժողովրդական կուսակցության լիագումար նիստում ունեցած ելույթում Հայաստանի նախագահը հայտարարում է, որ «խորապես ցավում ենք, որ Կիևում եղան մեծաքանակ մարդկային զոհեր: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է անել առավելագույնը լարվածության թուլացման և երկխոսության միջոցով ողջամիտ լուծումներ գտնելու ուղղությամբ»:

Ապա մարտի 19-ին, ՌԴ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ նախագահները անդրադարձել են Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին և արձանագրել, որ «այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը»:

Իսկզբանե Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը այս երկու հարցերում կարելի է որակել որպես հավասարակշռված, Հայաստանի արտաքին քաղաքականության գծի մեջ տեղավորվող: 1988 թվականից ի վեր, ազատ կամարտահայտության միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման դրոշակը առաջ մղող երկրի նախագահը այլ բան չէր էլ կարող ասել, ավելին' Հայաստանն այս հարցում ուղղակի պարտավոր էր հստակ դիրքորոշում արտահայտել:

Ընդ որում' ինչպես Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման, այնպես էլ Սերժ Սարգսյանի' Ղրիմի հարցում հայտնած դիրքորոշման հարցում կարելի է ֆիքսել քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի առկայությունը: Մի քանի ուժեր իհարկե մտահոգություն հայտնել են այս հարցում, սակայն ԱԺ գրեթե բոլոր ուժերը կամ ընդհանուր առնամբ ընկալելի են գնահատել պաշտոնական դիրքորոշումը կամ ուղղակի չեն արձագանքել, ինչը նշանակում է, որ կամ ասելիք չունեն կամ համակարծիք լինելով' որոշում են ընդունել ձեռնպահ մնալ դրանք պաշտոնապես ներկայացնելուց:

Ճիշտ է' Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցից հետո, պաշտոնական Կիևը խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց իր դեսպանին ու դիվանագիտական նոտայի միջոցով լրացուցիչ պարզաբանումներ պահանջեց ՀՀ ԱԳՆ-ից' հեռախոսազրույցում տեղ գտած ձևակերպումների մասով, սակայն դա առավել ծանր դրությամբ մեջ դրեց հենց ուկրաինական կողմին:

Հայաստանի նախագահի հայտարարությունը Ուկրաինայի հարցում պետք է ընդունել որպես քաղաքական փաստ, իսկ թե այլ երկրի ղեկավարները, քաղաքական ուժերն ու գործիչներն ինչպես են դա մեկնաբանում, դա իրենց իրավունքն է: Ի վերջո, եթե նախագահը նշում է, որ դա «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ է» դա պետք է ընդունել այնպես, ինչպես նա է ասում: Եվ եթե ինչ-որ մեկը եզրակացնում է, որ նախագահն այդ ձևակերպմամբ «կողմ է արտահայտվել Ղրիմի անեքսիային», դա չի նշանակում, որ նախագահը հենց դա է նկատի ունեցել:

Եթե նախագահը ցանկանար այդ կամ մեկ այլ ձևակերպում տար' կտար այլ ձևով, իսկ եթե նա այսպիսի ձևակերպում է տվել, ապա դա պետք է ընդունենք այնպես, ինչպիսին որ նախագահն է արտահայտել: Իսկ եթե քաղաքական ուժերը համաձայն չեն այդ ձևակերպմանը, դա արդեն հարցի մյուս կողմն է:

Օրինակ' Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ այլ ձևակերպում է ընտրել' հայտարարելով, որ իր պետությունը դե ֆակտո ընդունել է Ղրիմի՝ Ռուսաստանին միանալը:

Արևմուտքից, ինչպես նաև' հայաստանյան որոշակի շրջանակներից տեսակետ է հնչում, թե այն ինչ տեղի է ունեցել Ղրիմում, դա ազատ կամարտահայտում չէր ու ոչ մի կապ չունի ինքնորոշման իրավունքի իրացման հետ: Որպես արգումենտ նշվում է, որ հանրաքվեի գործընթացը երկարատև պրոցես է ու այդքան կարճ ժամանակում նույնիսկ տեխնիկապես հնարավոր չէ անցկացնել: Նաև նշվում էր, որ քարոզարշավի փուլ չի եղել, իսկ գործընթացը անցել է ռուս զինծառայողների վերահսկողության ներքո:

Առաջին, պետք է ամրագրել, որ ՌԴ զինծառայողները Ղրիմում ներկայացված էին նաև ուկրաինական դեպքերից առաջ, իսկ այնտեղ ապրող մեծ թվով ռուսների, ռուսախոսերի պարագայում, հանրաքվեի այսպիսի արդյունքը առանձնապես անակնկալ չէին:

Երկրորդ, հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, երբ ուկրաինական տարբեր քաղաքներում անօրինական կերպով ձերբակալվում ու բռնության են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր Ուկրաինայի գործող իշխանության մոտեցումներից տարբերվող կարծիք են արտահայտում, հասկանալի է դառնում, որ Ղրիմում բնակվողների կյանքին անմիջական վտանգ էր սպառնում ու պարզ չէր, թե ինչ տեղի կունենար այնտեղ, եթե Ղրիմում ռուսական զորքեր տեղակայված չլինեին կամ հանրաքվեի գործընթացը մի քանի տարի անց կազմակերպվեր:

Այսօր ունենք իրավիճակ, որ Յանուկովիչի հեռացման հարցում առանցքային դերակատարություն ստանձնած աջ սեկտորի ղեկավարները իրենց ճանապարհից հեռացնում են բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իրենց կարծիքից տարբերվող տեսակետներ արտահայտել. բռնություն, թալան, սպանություններ, անկառավարելի քաոս, սրանք բառեր են, որոնք որոշակի առումով նկարագրում են ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում:

Ի դեպ, ժամանակավոր կառավարությունն այս ընթացքում անօրինական որոշումներ միջոցով փորձում է օրինականացնել այն ամենը ինչը նույն եվրոպայում կհամարվեր ահաբեկչություն, թալան կամ «բեսպրեդել»:
Ուկրաինական «Մայդանը» վաղուց տրանսֆորմացիայի է ենթարկվել ու ազատության պայքարը վեր էր ածվել իշխանության հասնելու միջոցի, իսկ այսօր «Մայդանը» որպես ուժային ինստրումենտ է գործածվում:

Երբ եվրոպացի դիվանագետները նշում են, որ պետք չէ Ղրիմի հանրաքվեն համեմատել Շոտլանդիայում նախապատրաստվող հանրաքվեի գործընթացին կամ Կոսովոյին, որովհետև այնտեղ պրոցեսը տարիներ է տևել, նրանք հաշվի չեն առնում, որ Կոսովոյում ողջ գործընթացը ընթանում էր միջազգային հանրության ուղղակի միջամտության ու պաշտպանության ներքո, իսկ Մեծ Բրիտանիայի իշխանությունները հասկանալի է, որ բռնություններ կամ ճնշումներ չեն գործադրում Շոտլանդիայում ապրողների նկատմամբ կամ նրանց կյանքի համար անմիջական սպառնալիք չեն ստեղծում:

Այնպես որ, ստեղծված իրավիճակում, Հայաստանի իշխանության արձագանքն առկա իրողություններին համարժեք էր ու ամենից կարևորը, տեղավորվում է արտաքին քաղաքական օրակարգի տրամաբանության շրջանակներում:

 

 

Տիգրան Աբրահամյան