Մինչ մեր ուշադրությունը սևեռված է Ղրիմի, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և այլ հարցերի վրա, Կիեվում կատարվող իրադարձությունները մի տեսակ երկրորդ պլան են մղվել և շատ իզուր, որովհետև հեղափոխությունը կանգ չի առել և հասունանում է դրա նոր՝ ավելի ռադիկալ ու պոտենցիալ ավելի արյունահեղ ֆազա:

Մայդանը, որ այսօրվա դրությամբ ամբողջովին վերահսկվում է Աջ սեկտորի (կարդա՝ ֆաշիստների) կողմից, հայտարարել է, որ խիստ դժգոհ է նոր իշխանություններից և պահանջում է, որպեսզի սրանք էլ հանձնեն իշխանությունը, ինչի վերաբերյալ արդեն համապատասխան մանիֆեստ են հրապարակել: Այլ կերպ ասած, կա ռեալ հավանականություն, որ անգամ դե յուրե գործող երկրի իշխանությունները ամբողջովին կանցնեն Ուկրաինան դե ֆակտո վերահսկող ֆաշիստների ձեռքը:

Մյուս կողմից Տիմոշենկոն է ասպարեզ եկել ու իր հավակնություններն է ներկայացնում՝ Ուկրաինայի գահը ստանձնելու համար: Տիմոշենկոն՝ իր բոլոր թերություններով ու խնդիրներով հանդերձ, ուկրաինական քաղաքական դաշտի ծանր քաշայիններից է ու թե վճռականությամբ, թե փորձով, թե խորամանկությամբ ու թե առավել ևս իշխանության ձիրգով ոչնչով չի զիջում, իսկ ավելի ճիշտ էականորեն գերազանցում է Յացենյուկ-Տուրչինով-Տյագնիբոկ տրիոյին: Բացի դրանից, նա վայելում է Արևմուտքի աջակցությունը, ոչ պակաս քան նշվածները ու անհամեմատ ավելի շատ՝ քան Յարոշն ու իր ֆաշիստները:

Չմոռանանք նաև նույն Յացենյուկենց մասին, ովքեր ամենևին էլ պատրաստ չեն հենց այնպես ու միանգամից հրաժարվեն իշխանությունից: Որքան էլ ճղճիմ լինեն այս կերպարները, բայց նրանք ևս ունեն իրենց հետևորդների բանակը, որի զգալի մասը կոնսոլիդացվել է նրանց շուրջ, որովհետև վախենում է՝ տեսնելով, որ ֆաշիստական բռնապետության հաստատման իրական վտանգ կա:

Մի խոսքով, Ուկրաինայում կրքերը թեժանում են ու հեղափոխական ճամբարը բաժանվում է աստիճանաբար իրար նկատմամբ թշնամացող խմբավորումների: Սակայն չմոռանանք, որ Յարոշի խմբավորումն ունի երկու շատ լուրջ առավելություններ՝ մյուս երկուսի հանդեպ. այն գաղափարական է (այո՛, նրանց գաղափարականությունը ֆաշիստական երանգավորում ունի, բայց այն կա) և այն զինված է ու վճռական, իսկ մյուս երկու խմբավորումների գաղափարը փողն ու իշխանությունն են, իսկ ուժը՝ տոտալ դեմորալիզացված ոստիկանությունն ու բանակը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթի, եթե/երբ բանը հասնի բաց առճակատման:

Հ.Գ. Այ հենց սրան էլ սպասում է Ռուսաստանը ու չի շտապում գրավել ողջ Ուկրաիանան, որովհետև երբ վերանշյալ պրոցեսսները սկսվեցին, մի այնպիսի ներուկրաինական մսաղաց կսկսվի, այնպիսի հուսալքություն և վախի մթնոլորտ կհաստատվի, որ ռուսական բանակի մուտքը ուկրաինացիների մեծամասնության կողմից կդիտարկվի, որպես մեծագույն բարորություն ու փրկություն:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան