Այսօր փոքրիկ էքսպերիմենտ արեցի: Որոշեցի youtube-ում կես ժամը մեկ ստուգել այս տարի Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Aram Mp3-ի պաշտոնական տեսահոլովակի դիտումները: Արդյունքները իսկապես ցնցող էին. դիտումները ժամ առ ժամ ավելանում են մի քանի հազարով: Արդեն ակնհայտ է, որ դա հայերի հաշվին չէ: Ստատուսը գրելու պահին դիտումների քանակը արդեն 402,084 է: Ասեմ, որ «մոնիթորինգի սկզբում»՝ երկու ժամ առաջ 363.000-ի կարգի էր: Եւ դա հոլովակի շնորհանդեսից ընդամենը երկու օր անց: Կարծիքներն էլ ճնշող մեծամասնությամբ դրական կամ հիացական են: Թերեւս, Արամին ու նրա թիմին պետք է շնորհավորել:
Ոմանք կհիշեն, որ օրեր առաջ ես թերահավատություն էի հայտնել Արամի երգի կապակցությամբ, նշելով, որ ցավոք, այս տարի էլ ենք «մխտռել» մեր մուտքը Եվրատեսիլ, ունենալով լավ եւ կրեատիվ երգիչ (Գոռ Սուջյանի նման լավ «հումք»): Սիրողական կարծիքիս պատճառը, թերեւս, այն էր, որ երգը ոչ ստանդարտ կառուցվածք ուներ՝ իրար հաջորդող երկու հանդարտ «տուն», ապա իրար հաջորդող երկու զիլ «կրկներգ», երգի կեսը՝ մեղմ, մյուս կեսը՝ աղմկոտ, եւ վերջապես անսպասելի հանդարտ ավարտ: Ու թվում էր, թե երգը անավարտ է: Հետաքրքիր էր, որ դրա մասին գրել էին նաեւ երգը հավանած այլ մարդիկ. որ երգի կառուցվածքը «ստանդարտ չէ» կամ այն «լավ լառուցվածաքավորված չէ», կամ որ լսելով այն «ավելին են ուզում»: Միգուցե հենց սա՞ է Արամի երգի գաղտնիքը. ոչ ստանդարտ լուծումներ, այնպիսի անավարտություն, որ դրանից հետո կրկին ուզում են լսել «վերջը տեսնելու» համար, կամ երբ մարդիկ իրենք են երգի ավարտից հետո «շարունակում» բալլադը, ամեն մեկը՝ յուրովի:
Ինչ էլ որ լինի՝ խոստովանում եմ, որ Արամը թերեւս ավելի լավ է զգացել ժամանակի շունչը եւ մարդկանց սրտի եւ հոգու բանալին: Իսկ ես, վավերագրելով իմ սիրողական, ոչ պրոֆեսիոնալ կարծիքի սխալականությունը, միայն ուրախ եմ Արամի հաջողության համար ու սպասում եմ նրա հաղթանակին: Իսկ այդպիսի շանսեր, պատկերացրեք կան, դա արդեն տեսանելի է. բոլոր երկրներից Արամը կստանա միջինից բարձր միավորներ ու գումարայինով շատ մոտ կլինի հաղթանակին:
 Իսկապես, Արամ՝ ամեն ինչ կարամ վիճակ է: :) Առաջ, Արամ ջան: Մի մարդ էլ թեքեցիր քո կողմը: Թեքեցիր գործով: Երկրպագելու ենք քեզ եւ Հայաստանին: