Թուրքիայում արդեն երկու օր է, ինչ շարունակվում են նոր թափով սկիզբ առած հակակառավարական ցույցերը: Պատճառը Գեզիի ցույցերի ժամանակ (2013-ի ամառ) հաց գնելու համար խանութ գնացող 14-ամյա պատանու ծանր վնասվածքն էր, որը նրան հասցրել էին ոստիկանները' արցունքաբեր գազի սրվակ արձակելիս: Ստամբուլցի տղան, ով ոչ ճիշտ պահին հայտնվել էր ոչ ճիշտ վայրում, արդեն մի քանի ամիս էր' կոմայի մեջ էր, իսկ օրերս մահացավ' այդպես էլ գիտակցության չգալով: Գեզիի արդեն 8-րդ զոհը, այն էլ' անմեղ ու այդքան երիտասարդ, պատճառ դարձավ, որպեսզի Թուրքիայի ողջ տարածքով նորից անցնի Գեզիի ուրվականը' ոտքին հանելով դժգոհող զանգվածներին: Էրդողանի կառավարությանն ամենաքիչը ներկայում սա էր պետք: Գյուլենի հետ առճակատումից զգալի տուժած թուրքական իշխանությունները ներկայում էլ պիտի հակակառավարական նոր ցասումը փորձեն զսպել, իսկ ՏԻՄ ընտրություններին մնացել է 18 օր: ՏԻՄ ընտրության կարևորությունը թերագնահատել պետք չէ' այդտեղ լավ կերևա, թե ինչ վիճակում է Թայիփ բեյն ու իր շրջապատը: Ամեն դեպքում, Էրդողանը, ով արդեն թողել է իր հետքը հանրապետական Թուրքիայի պատմության մեջ, ցույց է տալիս, որ իր հիմքերը դեռևս այնքան ամրություն ունեն, որ կարողանում են նման իրավիճակներ հաղթահարել: Տեսնենք հաջորդ հարվածը ու դրա ուժգնությունը: Այս ամենը գնալով նմանվում է բռնցքամարտի ռաունդների: Թայիփը դեռ ոտքի վրա է, սակայն նրա մրցակիցներն էլ դեռ նոքդաունի չեն ենթարկվել:

 

Գևորգ Պետրոսյան