Հա, մենք քայլ ենք անում: Երբ 2007-ին Տեր-Պետրոսյանը գնաց Դաշնակցության գրասենյակ' իր երբեմնի ամենաթունդ հակառակորդի մոտ, ինքը քայլ արեց: Անպատկերացնելի բան էր, որ Լևոնը իր ոտով կգնա ու մի սեղանի շուրջ կնստի դաշնակցական առաջնորդների հետ, ավելի հեշտ էր պատկերացնել, որ Ղարաբաղ Կոմիտեից իր երբեմնի համախոհ Վազգեն Մանուկյանի հետ լեզու կգտնի, ու էդ քայլն էլ արվեց: Դասագրքային ճշմարտությունը, թե քաղաքականության մեջ չկան հավերժական թշնամիներ ու բարեկամներ, այլ կան շահեր, գործնականում կիրառվեց, ու ես, անկեղծ ասած, էշացել էի, որովհետև ՀՀՇ-ՀՅԴ հակամարտությունը ինձ թվում էր Ղարաբաղի հարցից էլ անլուծելի, իսկ Վազգեն-Լևոն մրցակցության մասին' էլ չեմ ասում: Իրենք Լևոնին չսատարեցին, ընտրեցին սեփական թեկնածությամբ հանդես գալու ճանապարհը, ու անցածը' անցած է: Էս ինձ դաս եղավ, որ «պետական շահ» ասածն ամենայն անձնականից հեռու իրողություն է, մտածեցի, որ քաղաքականությունը կեղտոտ մի բան է, իրար ինչ ասես ասում են, հետո նստում են մի սեղանի շուրջ ու ասում-խոսում: Հետո, բոլորիս հայտնի մի օր, Լևոնը Չարենց արտասանեց, ու ես, անկեղծ ասած, էլի էշացել էի, որովհետև պոպուլիզմից կիլոմետրերով հեռու, սառը, սարթ դատող, ռեալ փոլիթիկի ջատագով Լևոնից էդքան էմոցիոնալ ասմունք չէի սպասում: Էս ինձ դաս եղավ, որ «պետական շահ» ասածն ահավոր նեղ անձնական իրողություն է, անձնական արժանապատվության ու ինքնասիրության հարց է, մտածեցի, որ քաղաքականությունը նվիրում է ու ամենից առաջ քայլ կատարելու, բանաստեղծական այլաբանությամբ' «հանուն լուսավոր ապագայի կախաղանին մոտենալու» համարձակություն: Էնքան լավ եմ հիշում' «ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան», ու կողքս կանգնած մի կին նենց էր լացում, ոնց որ Լևոնին արդեն կախում են, ու բոլորը մի տեսակ մահապարտ էին, իսկ հետո կատարսիսի պես մի բան եղավ, ու մարդիկ իրար գրկում էին, ու ոչ մեկի դեռ չէին կախել, բայց լուսապսակ ապագան բոլորի աչքերում էր: Կյանքում չեմ մոռանա, ինչքան էլ հիմա քամահրեն ու ձեռ առնեն, հիշում եմ' բոլորիս վերանձնականացման էդ պահը, ու հատկապես էն ընկերներիս, որ էսօր իմ քայլը չեն ընդունում, ուզում եմ ասեմ'«թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի», ու էս տողը, գուցե, մոլեռանդության, նահատակության երանգ ունի, ու գեղարվեսական չափազանցում է, բայց քաղաքական մեսիջ էլ ունի: Մենք քայլ ենք անում, եթե «հրաշալի քառյակը» ձախողվի, դա կլինի նախևառաջ և ամենաշատը Կոնգրեսի պարտությունը, եթե հաջողվի' ժողովրդի հաղթանակը կլինի, ոչ թե' մեր: Էսօր մեր քայլը «քաղաքական անհեռատեսություն», «անսկզբունքայնություն» կամ «դավաճանություն» որակող իմ բոլոր ընկերներին մենակ մի բան եմ մաղթում, որ երբեք չգա «կախաղանին մոտ գնալու» իրենց հերթը, ու իրենք վաղը լինեն Ազատության հրապարակում մարդաշատ, խաղաղ հանրահավաք անցկացնցող ընդդիմություն, արդեն իշխանափոխված Հայաստանում: Ինչ-որ իմաստով, մենք նաև ճանապարհ ենք բացում վաղվա ընդդիմության համար, որ էսօր հասարակական հենարան չունի, որովհետև էսօր Հայաստանում համարյա մարդ չկա, ու եղածների մեջ էլ' բազմազանություն չկա, վաղը, երբ սերբազատված Հայաստանը շունչ քաշի, մարդիկ ալամ աշխարհից հետ գան, էդ հենարանը լինելու է: Իսկ էսօր' հա, մենք քայլ ենք անում:

 

Արմեն Օհանյան