Սեռական ցանկության ֆիզիոլոգիան, այսինքն այն մեխանիզմները, որոնք պատասխանատու են սեռական ցանկության առաջացման համար' մինչ օրս լիովին բացահայտված չեն։

Կենդանիների վերարտադրության գործընթացները կարգավորվում են էստրալ ցիկլով և ենթակա են կենսաբանական ռիթմերի ազդեցությանը։ Դրանից դուրս կենդանիները միանգամայն ասեքսուալ են և խուսափում են հակառակ սեռի հետ սեռական շփումներից։ Ապացուցված է, որ էստրալ ցիկլի առաջացման գործում մեծ դեր են խաղում էստրոգենները, որոնց ազդեցության տակ ակտիվանում են ուղեղային վերարտադրման կենտրոնները մի կողմից և արտադրվում են հեշտոցային ֆերոմոններ մյուս կողմից։

Մարդկանց մոտ էստրոգենները սեռական ցանկության նմանատիպ ցիկլային փոփոխություններ չեն առաջացնում։ Մարդկանց սեռական վարքը շատ քիչ է ենթարկվում կենսաբանական ռիթմերին։ Ապացուցված է, որ լիբիդոյի հորմոնը, ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, արական սեռական հորմոնն է՝ տեստոստերոնը, որն էրոտիզացնող ազդեցություն ունի սեքսուալության բարձրագույն կեղևային կենտրոնների և դրանց ենթակա կառույցների վրա։ Առանց տեստոստերոնի բավարար մակարդակի սեռական ցանկությունը ճնշվում է, քանի որ խանգարվում է նյարդային կենտրոնների գործունեությունը։

Վերջերս հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սեռական ցանկության վրա խթանիչ ազդեցություն ունի հիպոթալամուսում արտադրվող լյուլիբերինը։ Փաստերը վկայում են, որ լյուլիբերինը ակտիվացնում է սեռական ցանկությունը անգամ տեստոստերոնի անբավարարության կամ դրա անարդյունավետ գործունեության դեպքում։ Հայտնի է, որ լյուլիբերինը խթանում է լյուտեինիզացնող հորմոնի արտադրությունը ադենոհիպոֆիզում, որն էլ իր հերթին ակտիվացնելով ամորձիներում Լեյդիգի բջիջները' բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը։ Կնոջ օրգանիզմում լյուլիբերինի ազդեցությունն արտահայտվում է հիմնականում գեստագենների՝ մասնավորապես պրոգեստերոնի քանակության աճով։ Ներկայումս հետազոտությունները խնդիր ունեն պարզելու, թե ինչպե՞ս է իրականանում լյուլիբերինի' սեռական ցանկությունը խթանող ազդեցությունը և արդյոք հնարավո՞ր է այն օգտագործել սեռական ցանկության խանգարումների բուժման նպատակով։

Լիբիդոյի ակտիվացման գործում կարևոր դեր են խաղում զգայարանները.հոտը, տեսքը, շոշափումը այն հզոր ազդակներն են, որոնք կարող են անմիջապես արգելակել կամ խթանել սեռական ցանկությունը։ Կլինիկական դիտարկումները վկայում են, որ գոյություն ունի լիբիդոյի ուղեղային կենտրոնների սեռային տարբերություն։ Տղամարդկանց լիբիդոն առավելապես պայմանավորվում է տեսողական գրգիռներով, իսկ կանանց սեռական ցանկությունը «բորբոքվում է» լսողական գրգիռների ազդեցության տակ։

Լիբիդոն ակտիվանում է ցանկալի անձի ներկայությամբ։ Այսպես, ապացուցված է, որ արական սեռի ճագարների միայն ներկայությունը բավական է իգական սեռի ճագարների մոտ օվուլյացիայի և կոիտուսի նկատմամբ պատրաստակամության առաջացման համար։ Հիշողության, սեքսուալ երևակայական պատկերների ազդեցության տակ նույնպես հնարավոր է սեռական ցանկության ակտիվացում։

Այսպիսով, լիբիդոն կախված է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական գործոնների բարդ համադրումից, որոնց փոխազդեցությունից լիբիդոյի նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներն արգելակվում են բոլոր այն դեպքերում, երբ ուղեղը «որոշում է», որ իրավիճակը չի համապատասխանում սեռական մերձեցմանը։

Լիբիդոյի զարգացման տեսությունները

Լիբիդոյի զարգացման ընթացում Վասիլչենկոն տարբերում է 5 շրջաններ' ճանաչողական, պլատոնական, էրոտիկ, սեքսուալ և հասուն սեքսուալության։

1. Ճանաչողական փուլը կարելի է մինչլիբիդինոզ համարել, քանի որ այս ժամանակ չկա որևէ հուզական երանգավորում։ Այս փուլը կապված է սեռային ինքնագիտակցության ձևավորման հետ, երբ երեխան սկսում է ճանաչել իր սեռը։ Երեխան սկսում է ուսումնասիրել և ճանաչել արտաքին աշխարհը, ընդ որում նրա մտածողությունը ելնում է ոչ թե վերլուծությունից, այլ անալոգիաներ առաջացնելուց։ Այսպես նա սկզբում սկսում է տարբերել առանձին առարկաներ, այնուհետև խմբավորել դրանք ըստ ընդհանրական հատկանիշների՝ մեծ-փոքր, մոտիկ-հեռու, կարելի է-չի կարելի։ Հետո սկսում է հասկանալ, որ իր խաղընկերները բաժանվում են աղջիկների և տղաների, ընդ որում սեռային բաժանման հիմնական տարբերակիչը մազերի երկարությունը և հագուստի ձևն են։ Սեռային բաժանումից հետո նա իրեն նմանեցնում է սեռերից որևէ մեկին։ Աղջնակների մոտ ինքնաճանաչողական փուլում արթնանում է մայրական բնազդը. Նրանք խաղում են այնպիսի խաղեր, որտեղ մայրական ֆունկցիաներ են իրականացնում՝ մայրիկ-հայրիկ, տուն-տունիկ, խաղեր տիկնիկով։ Ըստ Վասիլչենկոյի, մայրական բնազդի այսպիսի վաղ արթնացումը հետևանք է սեռական կյանքի մյուս դրսևորումների նկատմամբ մայրական բնազդի առաջնայնության, ինչը առանցքային հատկանիշ է կանանց լիբիդոյի զարգացման ողջ ընթացքում։

2. Պլատոնական կամ ռոմանտիկ փուլը բնորոշվում է վառ արտահայտված հուզական ապրումներով, որոնք ունեն ոգեղեն, ռոմանտիկ բնույթ։ Առաջանում են սեռական երևակայություններ, որտեղ հանուն սիրելիի անձը մեծ սխրանքներ է գործում։ Նրա զգացմունքային ապրումների մեջ գերակշռող են տրագիզմը, ինքնամոռացությունը, զոհաբերությունը և այլն։ Հետաքրքրական է, որ այս փուլում սեռական օրգանների նկատմամբ հետաքրքրությունը շատ թույլ է արտահայտված, ավելի թույլ, քան նախորդ փուլում։ Պլատոնական փուլի համար հատկանշական է սեռական բնազդից անցումը դեպի սիրո վեհությունը։ Աղջիկների մոտ ռոմանտիկ փուլը արտահայտվում է դուր գալու, իր վրա ուշադրություն գրավելու ձգտումով, երևակայություններով, որոնցում նա արժանանում է իր ասպետի բոլորանվեր հոգատարությանը։ Մեծահասակների կողմից կյանքի խրատական դասերով այս պատրանքների փլուզումը ընկալվում է իբրև կոպիտ և վիրավորական, իսկ սիրեցյալից հարկադիր հեռացումը կարող է ծանր ապրումներ առաջացնել։ Ռոմանտիկ փուլը առավելապես բնորոշ է աղջիկներին, որը խառնվելով հաջորդ՝ էրոտիկ փուլի դրսևորումներին, կարող է երկար տարիներ պահպանվել։ Տղաները հակված են լիբիդոյի սահուն և արագ փուլային անցումների՝ տարիքային հստակ սահմաններով, մինչդեռ աղջիկների մոտ հնարավոր են փոխադարձ անցումներ մի փուլից մյուսը, և տարիքային սահմանները անորոշ են։

3. Էրոտիկ փուլը բնորոշվում է գուրգուրանքների և մարմնական քնքշանքների դևսևորմամբ։ Այս փուլը հատկապես բնորոշ է կանանց սեքսուալությանը և հազվադեպ է հանդիպում տղամարդկանց մոտ։ Էրոտիկ փուլի վառ դրսևորումը վերջիններիս մոտ կարող է հոգեսեռական զարգացման հապաղման արդյունք լինել։ Էրոտիկ փուլում գեղարվեստական գրականության ընթերցման կամ կինոֆիլմերի դիտման ժամանակ հուզող հետաքրքրություն է ի հայտ գալիս էրոտիկ դրվագների նկատմամբ։ Երևակայությունները ձեռք են բերում զգայական երանգ, նրանցում սկսում են գերակշռել շոշափելու, հպվելու ցանկությունները, սիրահետման արժանանալու ձգտումը։ Պարը, սիրեցյալի հետ առանձնացումը, առաջին սիրահարվածության ապրումները լցնում են էրոտիկ փուլը հարուստ զգացմունքներով և հույսերով, որոնցից շատերը, ավաղ, կյանքի ընթացքում դատապարտված են ձախողման։ Տղաների կողմից սեքսուալ կապի ներգրավման փորձերը այս փուլում աղջիկների մոտ առաջացնում են զզվանքի զգացում։

4. Սեքսուալ փուլ. պատանի տղաների մոտ այս փուլը ընթանում է ցածրակարգ էմոցիաների ֆոնի վրա, որոնք առաջին անգամ ի հայտ գալով սեռական հասունացման տարիքում, այնուհետև մշտական խթանող գրգիռներ են ստանում սեռական գեղձերի սեկրետոր ակտիվության շնորհիվ (Տարխանովի ֆենոմեն)։ Սեռահասունացման տարիքում սեքսուալության դրսևորումները սովորաբար գերազանցում են անհատական ֆիզիոլոգիական նորման (պատանեկան հիպերսեքսուալության շրջան), դիտվում են հսկողության չենթարկվող և ոչ կամային մի շարք երևույթներ, օրինակ՝ սևեռուն հետաքրքրասիրություն ցանկացած սեքսուալ թեմայի շուրջ, ինքնաբուխ էրեկցիաներ՝ վառ արտահայտված սեքսուալ գրգռմամբ, գիշերային երազախաբություններ, ձեռնաշարժության էքսցեսներ, որոնք երբեմն հոգեկան ծանր ապրումներ են առաջացնում' արդեն ձևավորված բարոյաէթիկական դիրքորոշումների և անվերահսկելի Ես-ի միջև ծագող կոնֆլիկտներով։

Աղջիկների մոտ սեքսուալ լիբիդոյի ձևավորումը և հեշտանքի հասնելու կարողությունը սովորաբար առաջանում է կանոնավոր սեռական կյանքի անցնելիս կամ ակտիվ ձեռնաշարժության փորձի արդյունքում։ Կանանց միայն շատ փոքր մասն է (ըստ Կինզիի տվյալների' 9%-ը) հեշտանքի զգացողություն ունենում նախքան սեռական հասունացման շրջանը, որն էլ մեծ մասամբ պայմանավորված է պաթոլոգիկ բարձր զգայունակությամբ, ի հետևանք պարացենտրալ բլթակների ախտահարման։ Աղջիկների սեռական հասունացման շրջանում ավելի հավանական է էրոտիկ լիբիդոյի դրսևորումը։ Ըստ Սվյադոշչի ուսումնասիրությունների, կանանց 22.4%-ը ընդհանրապես չի ունենում սեքսուալ լիբիդոյի արթնացում ողջ կյանքի ընթացքում։ Ընդ որում դա պայմանավորված է ոչ այնքան սոմատիկ գործոններով, որքան սեքսուալ ապրումների արգելակմամբ' ոչ ճիշտ դաստիարակման կամ սեռական զուգընկերոջ ոչ ադեկվատ վարքի հետևանքով։ Հաճախ կանանց սեքսուալության այսօրինակ արգելակումները հասարակության մեջ կանանց սեքսուալ դրսևորումների նկատմամբ առկա քննադատական վերաբերմունքի արդյունք են։

5. Հասուն սեքսուալության փուլը բնորոշվում է լիբիդոյի ճանաչողական, ռոմանտիկ, սեքսուալ-զգայական բաղադրիչների և անձի արժեքային համակարգի ներդաշնակ համադրությամբ։ Սեռական հասունության հասնելով' անձը ի վիճակի է դառնում վերահսկելու իր սեքսուալ իմպուլսները և, ի տարբերություն նախորդող փուլերի' հաջողությամբ կարողանում է ճնշել սեռական մղումները, եթե դրանք չեն համապատասխանում տվյալ իրավիճակին և հանգամանքներին, կամ էլ հակասում են իր դավանած բարոյաէթիկական արժեքներին։

Ի տարբերություն լիբիդոյի զարգացման Վասիլչենկոյի բացատրության, հոգեվերլուծաբանները գտնում են, որ լիբիդոն ոչ թե պարզապես աճում է' պահպանելով իր ձևը, այլ անցնում է իրար հաջորդող և իրար չնմանվող մի շարք փուլերով, ինչպես, օրինակ, տեղի է ունենում թրթուրից դեպի թիթեռ զարգացումը։ Հոգեվերլուծական տեսանկյունից լիբիդոյի զարգացման տեսությունը հասկանալու համար պահանջվում է մտքի լարում և վառ երևակայություն։ Թերևս սա է պատճառներից մեկը, որ շատերի կողմից այս տեսությունը թերագնահատվում է կամ ընդունվում թերահավատությամբ։ Ամենասկզբում նշենք, որ «լիբիդո» հասկացությունը մի փոքր այլ բովանդակային իմաստ է կրում հոգեվերլուծության մեջ։ Այն իրենից ներկայացնում է սեռական կյանքն ամբողջությամբ, որը սկսում է դեռևս մանկությունից և իր զարգացման ընթացքում, տարիքային տարբեր խմբերում, դրսևորվում է տարբեր հակումներով, ինչպես նաև տարբեր էրոգեն գոտիների առաջնայնությամբ։

Լիբիդոյի զարգացման ընթացքում Ֆրոյդը տարբերում է 3 փուլ՝ օրալ, անալ և ֆալիկ։ Առաջին երկու փուլերում էրոգեն գոտին սեփական մարմնի մասերն են, և սեռական հակումը իրականանում է օրալ փուլում՝ ծծելու, իսկ անալ փուլում՝ արտաթորանքը պահելու և արտամղելու միջոցով։ Այս առումով հիշյալ փուլերում խոսքը աուտոէրոտիզմի մասին է։ Երրորդ՝ ֆալիկ կամ էդիպյան փուլում, սեռական հակումն ուղղվում է դեպի արտաքին աշխարհ, դեպի ծնողներ, իսկ էրոգեն գոտու նշանակություն են ձեռք բերում սեռական օրգանները։

Զարգացման շրջադարձային կետ է համարվում սեռական օրգանների առաջնայնության հաստատումը և, դրա հետ միասին, սեքսուալությունը սերնդի շարունակման ֆունկցիային ուղղորդելը։ Մինչ այդ գոյություն ունի այսպես կոչված ցրված սեռական կյանք' առանձին մասնավոր հակումների տեսքով, որոնց նպատակը օրգանական հաճույքի ձգտելն է։

Սկսած երեք տարեկանից մինչև սեռական օրգանների առաջատար դերի հաստատումը, երեխայի սեռական կյանքը շատ տեսակետներից նման է մեծահասակի սեռական կյանքին։ Վերջինից այն տարբերվում է այլասերվածության անխուսափելի գծերով, հակումների անհամեմատ փոքր ուժով և, իհարկե, սեռական օրգանների առաջատարության բացակայությամբ։ Այս ժամանակ առաջին պլանի վրա հանդես են գալիս ոչ թե գենիտալային մասնակի հակումները, այլ սադիստական և անալային հակումները։ Անդիմադրելի են դիտելու և իմանալու հակումները։ Անցումը դեպի ֆալիկ փուլ իրականանում է սիրո առաջին օբյեկտի՝ մոր ընտրությամբ, և այս պահից սկսած սեռական հակումները անջատվելով սեփական մարմնից' ուղղվում են դեպի մայրը։

Մորը որպես սիրո օբյեկտ ընտրելու հետ է կապվում Էդիպի բարդույթի ձևավորումը։ Այս պահից սկսում է գործել նաև ամորձատման բարդույթը, որը տարբեր ազդեցություն է ունենում տղա և աղջիկ երեխաների սեռական կյանքում։ Ի վերջո, էդիպյան բարդույթի տրոհմամբ ավարտվում է լիբիդոյի ֆալիկ փուլը։ Դա տեղի է ունենում մինչև 6 տարեկան հասակը, որից հետո սկսվում է թաքուն շրջանը, երբ սեռական ապրումների և հոգեկան դրսևորումների մեծ մասը ենթարկվում են մանկական ամնեզիայի, մոռացման' սքողելով մեր կյանքի «առաջին երիտասարդությունը» և հեռացնելով մեզ նրանից։

Սեռական հասունացման շրջանում, երբ սեռական հակումն առաջին անգամ ամբողջ ուժով դրսևորում է իր պահանջները՝ արյունապղծական օբյեկտները ընտրվում են կրկին անգամ։ Ծնողներից սեռական հակման տարանջատման բարդ խնդիրը լուծելով' հնարավոր է դառնում էդիպյան բարդույթի տրոհումը, նրա ժառանգորդ գեր-Ես-ի հայտնվելով։

Հեղինակ. Արամ Հակոբյան, Նարինե Ներսիսյան
Աղբյուր. Կլինիկական սեքսոլոգիա
Տեղեկատվություն. sexology.am