Արմավիրի և Արարատի մարզի շուրջ 120 կազմակերպություններ, որոնք տնտեսական գործունեություն են ծավալում, ջրառի ծավալները խախտելու համար հայտնվել են քրեական գործով անցնելու ռիսկի տակ: Դրանց թվում' ԲՀԿ ղեկավարի ընտանիքին պատկանող «Արարատ-Ցեմենտ» գործարանը: Ստուգումների այս գործընթացը հասարակական ակտիվ քննարկան առիթ չէր դառնա, եթե այդ գործով չանցնեին քաղաքական գործընթացի վրա ակտիվ ազդեցություն ունեցող անձանց պատկանող ձեռնարկություններ: «Արարատ-ցեմենտից» բացի խոսք է գնում խոշոր ձկնաբուծարանների մասին, որոնց սեփականատերերի թվում շրջանառվում են բարձր պաշտոնյաների անուններ:

 

Այս գործընթացը սկիզբ առավ այն բանից հետո, երբ բնապահպանության նախարարությունը ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ Արարատյան դաշտավայրում ջրառի ծավալները գերազանցում են օրենքով նախատեսված չափաքանակը:

 

ՀՀ Գլխավոր դատախազը երեկ հայտարարել է, որ «հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվել ու իրականացվում են մի շարք քննչական գործողություններ, ընդ որում երկու մարզերում զուգահեռաբար: Քննչական գործողությունների թիրախում հատկապես հայտնվել են տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, որոնց թիվը, ըստ Կոստանյանի, երկու մարզերում հասնում է շուրջ 120-ի»:

 

«Քննարկման առարկա դառնում է երեք կարևոր ուղղություն' ապօրինի խորքային հորերի առկայությունը, առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման փաստերը և ժամկետանց ջրօգտագործման պայմանագրերի առկայությամբ ջրօգտագործման փաստերը»,- նշել է գլխավոր դատախազը:

 

Անշուշտ քննարկվող թեմայի գլխավոր ինտրիգը խնդրի քաղաքական կամ ապաքաղաքական լինելու հանգամանքն է:

 

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները պնդում են, որ ստուգումները քաղաքական բնույթ ունեն և որ ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, ինչը պայմանավորված է ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթի' իշխանությանն ուղղված քննադատական շեշտադրումներով:

 

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս կապակցությամբ կառավարության նիստում հայտարարել է, որ վերջին օրերի մեկնաբանությունները անհիմն ու անհեթեթ համարում. խնդիրը, որ բարձրացվել է' կապված «Արարատ ցեմենտ» ընկերության հետ, իրականությանը չի համապատասխանում:

 

Ա. Հարությունյանի խոսքերով' գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում և քանի որ ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, այդ իսկ պատճառով թեստային անջատումներ են կատարվել:

Ըստ նրա' «Արարատ ցեմենտ» գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, սակայն այս պահին այդ համակարգում վայրկյանում շուրջ 2000 խմ լիտր ջուր է հոսում:

 

Կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, անդրադառնալով այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանի թիմը պնդում է, որ ճնշում է սկսվել իրենց նկատմամբ, պատասխանել է.

 

«Ես չգիտեմ' ինչու է համոզված նման պնդում անում: Ես կարծում եմ, որ ես սպառիչ կարողացա ներկայացնել, որ դա ճնշում չէ: Եթե որևէ մեկը ճնշում է համարում այն հանգամանքը, որ հարուցված քրեական գործով պետք է զննություն անցկացվի ու անցկացվում է ու դա դիտվում է ճնշում, որևէ հիմնավորում չեմ տեսնում: Այստեղ ընդամենը խոսքը գնում է քննչական գործողություններ կատարելու մասին: Որևէ մեկին մեղադրանք դեռևս առաջադրված չէ այդ երկու գործերով, կասկածյալներ ներգրավված չեն, իրականացվում են ու իրականացվելու են քննչական գործողություններ ' անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա»:

 

Տեսականորեն չբացառելով իշխանության կողմից ԲՀԿ-ի նկատմամբ իրականացվող ճնշման թեզը, այնուամենայնիվ, պետք է ուշադրություն դարձնել վերոնշյալ խնդրում շահագրգիռ-իրավասու կողմերի ներկայացրած փաստարկ-հիմնավորումներին:

 

Ինչևէ, եթե խոսք գնար միայն ԲՀԿ-ի ղեկավարին կամ նրա մտերիմներին պատկանող ձեռնարկություններում իրականացվող ստուգումների մասին, ապա դա անկասկած կասկածի տեղիք կտար, սակայն երբ խոսք է գնում 100-ից ավելի կազմակերպություններում իրականացվող ստուգումների մասին, այդ թվում' այլ բարձրաստիճան պաշտոնյաների (մամուլում շրջանառվում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ձկնաբուծարանների մասին), ապա իրականում հակասական իրավիճակ է ստեղծվում:

 

Եթե ծանրակշիռ փաստարկներ կան այն մասին, որ այս գործընթացի նպատակը քաղաքական հետապնդման իրականացումն է, ապա ստացվում է, որ իշխանությունը հետապնդում է իրականացնում ոչ միայն ԲՀԿ-ի ղեկավարի, այլ իր թիմի առանցքային դեմքերի նկատմամբ:

 

Հակառակ դեպքում դժվար է պրոցեսից տարանջատել ԲՀԿ գործոնը' դա որակելով որպես քաղաքական հետապնդում, իսկ մնացած ձեռնարկությունների մասով, այդ թվում' ՀՀԿ դեմքերին պատկանող, գնահատել որպես սովորական տնտեսական պրոցես:

 

 

 

Տիգրան Աբրահամյան