Հայրենիքը տարբեր մարդկանց մոտ առաջացնում է տարբեր զգացողություններ: Մեկի համար դա սուրբ հող է, մյուսի համար սովորական հողի վրա ապրող ու գոյատևող ժողովուրդ, մեկը պատրաստ է իր վերջին շապիկը զոհաբերել հանուն հայրենիքի, իսկ մյուսը հայրենիքի անունից խլել այդ շապիկը: Ինչ էական տարբերություն կա այդ մարդկանց մտածելակերպի մեջ և ո՞ր մտածողությունն է ճիշտ:

 


Բանը նրանում է, որ ցանկացած ազգի համար ազգային պատկանելությունն ու հայրենիքի գիտակցությունը հանդիսանում է այն էմոցիոնալ կապը, որով միլիոնավոր անծանոթ մարդիկ կապված են միմյանց հետ: Շուկայագետների' մարկետոլոգների համար ուղղակի մեղք կլիներ չօգտվել ընձեռնված այդ հնարավորությունից սեփական ապրանքը այդ մարդկանց վրա “նաղդելու” նպատակով: Ազգային պատկանելությունը կարելի է համեմատել ֆուտբոլային թիմի երկրպագության հետ: Միմյանց անծանոթ մարդիկ կարող են փողոցում ողջագուրվել, իրար գարեջուր հյուրասիրել եթե հանկարծ հայտնաբերեն, որ ֆուտբոլային նույն թիմին են երկրպագում և ընդհակառակը միմյանց անծանոթ մարդիկ կարող են իրար նկատմամբ այնքան թշնամական տրամադրված լինել, որ դաժանորեն ծեծեն իրար, եթե հանկարծ հայտնաբերեն որ հակառակորդ թիմերի են երկրպագում: Եթե ինչ որ մեկը ներկայանալով այդ թիմի երկրպագու փորձի ինչոր բան վաճառել ապա հաջողությունն այդ թիմի երկրպագուների շրջանակում երաշխավորված է: Այդ դեպքում ինչու՞ չընդլայնել այն մարկանց շրջանակը, որոնց զգացմունքների վրա խաղալով և վստահությունը չարաշահելով կարելի է ապրանք կամ ծառայություն վաճառել:

 


Իսկ հիմա ուշադրություն' ճշմարտությունը:
Աշխարհի ամենամեծ դրոշը, որի տակ հավաքված մարդկանց վրա կարելի է ապրանք “նաղդել”' հայրենասիրությունն է:
Էական չի, որ երկրում, որ ազգի, որ հայրենիքի: Հայը հպարտ է, որ հայ է, ռուսը հպարտ է որ ռուս է, վրացին հպարտ է, որ վրացի է, ամերիկացին, ճապոնացին….. բոլորը հպարտ են: Ու այդ թվարկած բոլոր երկրներում կան ճարպիկ մարդիկ, որոնք ասենք “Россия щедрая душа” կամ “Գնենք մերը” կարգախոսներով կոնկրետ ապրանք են վաճառում և շատ կոնկրետ գումարներ են վաստակում:
Այդ մարդիկ կամ նրանց նպատակները որևէ կապ ունե՞ն հայրենասիրության հետ: Իհարկե, ոչ, բացարձակ կապ չունեն: Ձեռներեցությունը վատ բան չի, նույնիսկ այդ կարգախոսներով, սակայն կարծում եմ, մարդիկ իրավունք ունեն իմանալու ճշմարտությունը, իսկ ճշմարտությունն այն է, որ մի խումբ ճարպիկներ, կամ ավելի ճիշտ կոմերցիոն հայրենասերներ գումարներ են վաստակում մարդկանց հայրենասիրական զգացումների վրա, հավատացած եմ նույնիսկ չկիսելով այդ զգացումները: Կարելի է ի վերջո այդ ամենը դիտարկել բարոյական տեսանկյունից: Հեռուստաէկրաններից մեզ փորձում են համոզել, որ Թամանյանը հենց Ջերմուկ է խմել (այնինչ Ջերմուկ գործարանը կառուցվել է Թամանյանի մահից հետո), որ հայոց զորքը 5-րդ դարում բյուրեղապակուց պարսկական բաժակներով “Արմենիա” գինի է խմել (Ապակու գյուտը եղել է շատ ավելի ուշ), որ Տաթևի ճոպանուղին ամենաերկարն է, որ հայրենասիրություն է հանգստանալ հայկական անիմաստ թանկ հանգստյան տներում, ցանկացած (նույնիսկ մարմնավաճառի անցյալով) երգչուհի իր պարտքն է համարում երգացանկում անպայման ունենալ երգ հայրենիքի մասին: Աբսուրդն այն աստիճանի է հասել, որ հեռուստաընկերությունները կարող են եթերից համեմատել սեփական կյանքը հայրենիքի անվտանգությանը զոհած ազատամարտիկի սխրանքը, որևէ լիմոնադի ցեխի արտադրության հետ…

 


Դրանք բոլորը կոմերցիոն հայրենասիրության դրսևորումներ են: Դրանք լի են կեղծիքով ու ստով: Նման մարդիկ մի նպատակ ունեն' առավելագույնս շատ վաճառել հանքային ջուր, շոկոլադ, համերգի տոմս, ինտերնետ կապ, բջջային կապ, շոր, կոշիկ, թթվասեր, խողովակ, գինի…
Մի խոսքով դրանք չարչիներ են:

 


Իսկական հայրենասերը կարտադրի աշխարհի ամենաորակով ապրանքը և հայերն ինքստինքյան կգնեն նրանից օրհնելով ու փառաբանելով նրան, այլ ոչ թե անորակ ու թանկ ապրանքը կսաղացնի հայրենակցների վրա, քողարկվելով հայրենասերի դիմակի հետևում:
Հ.Գ. 1945 թվականին' անմիջապես երկրորդ աշխարհամարտից հետո, խորհրդային ավտոինժեներները Ստալինին ներկայացրեցին մեքենայի գծագիր (գերմանական opel-ի բազային հիմքի վրա), որը պետք է վերականգներ խորհրդային ավտոմոբիլաշինության թափը: Մեքենան անվանել էին «Հայրենիք» (Родина), Ստալինը այդ մեքենայի սերիական արտադրության համար իր համաձայնությունը տալուց առաջ տվեց մի հարց, որը կտրուկ փոխեց այդ մեքենայի անունն ու ճակատագիրը:

 


-Իսկ ինչքանո՞վ եք վաճառելու «Հայրենիքը» (Почем родину продавать будете?)
Անվանումն իսկույն փոխեցին «Հաղթանակ» (Победа):

 

 

Նարեկ Մալյան 2009թ