Կիևում նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ընդդիմության առաջնորդներն, եվրոպական միջնորդների մասնակցությամբ, ստորագրել են քաղաքական ճգնաժամի հաղթահարման համաձայնագիր։
Դրանում, ըստ էության, արտացոլված են ընդդիմության ու Մայդանի բոլոր պահանջները։
Համաձայնագիրը նման է Յանուկովիչի իշխանության կապիտուլյացիայի, որովհետև նախատեսում է վերադարձ 2004թ–ի սահմանադրությանն, որն էապես սահմանափակում է նախագահի լիազորությունները և տարեվերջին նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում։

 


Յանուկովիչը հանձնվում է ու արդեն իսկ կատարվում են կոնկրետ իրադարձություններ, որոնք վկայում են դրա մասին. պաշտոնյաները զանգվածաբար լքում են իշխանության կուսակցության շարքերը, խորհրդարանն ընդունում է օրենքներ՝ կանաչ լույս վառելով նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման համար։
Ուկրաինայի իշխանությունը կորցրել էր լեգիտիմությունն արյունոտ իրադարձություններից հետո ու այս համաձայնագիրը պետք է արտացոլեր այդ իրողությունը։

 


Իհարկե, իշխանության մեջ ու նաև Մայդանում կլինեն ուժեր, որոնք կհակադրվեն այս համաձայնությանը, սակայն կոմպրոմիսը միակ հնարավորությունն է՝ ճգնաժամը հաղթահարելու համար, ինչպես նաև՝ բացառիկ շանս, որպեսզի հակադրության զույգ կողմերում թուլանան արմատական տրամադրությունները։
Ռուսաստանն, օրինակ, նույնպես խանդավառված չէ ուկրաինական ճգնաժամի հաղթահարմամբ։ Մյուս կողմից՝ ինչքան կայուն լինի Ուկրաինան, այնքան սահմանափակ կլինի ռուսական դեստրուկտիվ ազդեցության հնարավորությունը։

 


Իհարկե, համաձայնագրում առկա են նաև կետեր, որոնց իրականացումը դժվար է պատկերացնել։
Դրանցից է ազգային համաձայնության կառավարության ստեղծումը, որն ենթադրում է տանօրյա ժամկետ։
Բայց միշտ պետք է հիշել, որ կոմպրոմիսը գերադասելի է կրակոցներից, որոնք խլում են անմեղ կյանքեր։

 

 

 

Սուրեն Սուրենյանց